Ստեղծվել Է «Շվեդիայի Հայերի Միությունը»
Այս տարվա նոյեմբերի 22-ին նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել Շվեդիայի Թագավորությունում ապրող հայերի կյանքում. երկրի լիազոր մարմինը պաշտոնապես գրանցել է նոր հայկական կազմակերպություն՝ «Շվեդիայի Հայերի Միությունը»: «Շվեդիայի Հայերի Միության» նախագահ է ընտրվել Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Սարգիս Գասպարյանը: «Շվեդիայի Հայերի Միության» մամուլի ծառայությունից հայտնում են, որ Միության նպատակն է.
«Աջակցել ազգային մշակույթի, լեզվի, կրթության, ավանդույթների զարգացմանն ու պահպանմանը, ազատ մուտք ապահովել դեպի ազգային-մշակութային և պատմական արժեքներ, օժանդակել մշակութային, կրթական, հոգևոր, սոցիալական, իրավական, տեղեկատվական և տնտեսական կարիքներին՝ Շվեդիայում, Արևմտյան Հայաստանում և ամբողջ աշխարհում,
աջակցել Հայկական Հարցի վերջնական լուծմանը, հայերի միավորման ու համախմբմանը ամբողջ աշխարհում՝ լուծելու համար այդ հարցը,
աջակցել վերականգնելու պատմական և համամարդկային արդարությանը Արևմտյան Հայաստանի հայերի և Կիլիկիայի հայերի համար,
աջակցել Հայերի ցեղասպանութան ճանաչման, դատապարտման ու հատուցման գործընթացին, որ տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության մեջ՝ 1894-1923 թթ,
աջակցել ու մարդասիրական օգնություն հասցնել Արևմտյան Հայաստանի և Մերձավոր Արևելքի հայերին, ինչպես նաև պարտադրված տեղահանվածներին,
աջակցել խաղաղության, բարեկամության և համաձայնության ամրապնդմանը ժողովուրդների միջև,
պաշտպանել Միության անդամների իրավունքներն ու օրինական շահերը»:
Առաջիկայում Շվեդիայի Թագավորության մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի կունենա «Շվեդիայի Հայերի Միության» հիմնադրման հանդիսավոր շնորհանդեսը՝ Շվեդիայի Ռիկսդագի (Խորհրդարանի) պատգամավորների, Թագավորության քաղաքական, հասարակական, ազգային և կրոնական գործիչների, դիվանագիտական կորպուսի և ԶԼՄ-ների, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների և Շվեդիայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հայկական կազմակերպությունների մասնակցությամբ:
«Շվեդիայի Հայերի Միության» գրասենյակը գտնվում է Գյոթեբուրգ քաղաքում: