«Հաստատված է, որ ծխախոտի մեկ տուփը կյանքից կրճատում է մեկ սեռական ակտ»
«Տղամարդկիկ ուռոլոգին դիմում են հիմնականում ոչ իրենց կամքով, այլ կնոջ նախաձեռնությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ուռոլոգ, «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գևորգ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ շատ քիչ տղամարդիկ են գալիս և ասում, որ գանգատ ունեն կամ ցանկանում են պրոֆիլակտիկ զննում անցնել. «Մեր հիմնական խնդիրը սրա հետ է կապված, որ կոտրելով կարծրատիպերը՝ տղամարդիկ իրենց առողջության նկատմամբ պետք է ավելի հետևողական լինեն»:
Չնայած սրան՝ Գևորգ Գրիգորյանը նշեց, որ վերջին շրջանում իրեն ավելի հաճախ են սկսել դիմել անպտղությամբ տառապող ու սեռավարակներ կրող տղամարդիկ:
Սրտանոթային հիվանդությունների ու սեռական ֆունկցիաների խանգարումների կապվածությանն անդրադարձավ սրտաբան Մարինա Օրդյանը:
«Սրտանոթային հիվանդությունները տղամարդկանց և կանանց մոտ ունեն իրենց առանձնահատկությունները, ինչը կապված է նրանց գենոտիպի, սրտի զարկերի հաճախականության, ռիսկի գործոնների ազդեցության տարբերության հետ: Եթե տղամարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունները զարգանում են 35-40 տարեկանից հետո, կանանց մոտ այդ հիվանդությունները զարգանում են 50-ից հետո: Տղամարդկանց մոտ հիմանական պրոբլեմները կապված են զարկերակային գերճնշման հետ, որն իր հետ բերում է ինսուլտ, ինֆարկտ, շագանակագեղձի հիվանդություն, էրեկտիլ դիսֆունկցիա՝ սեռական խանգարումներ»,-ասաց նա:
Սրտաբանը մանրամասնեց, որ տղամարդկանց մոտ սեռական ֆունկցիայի խանգարումներն առաջանում են ինչպես հոգեբանական, այնպես էլ անոթային պրոբլեմներից. «Տղամարդիկ պետք է 40 տարեկանից հետո անպայման պարբերաբար չափեն զարկերակային ճնշումը, որոշեն արյան մեջ խոլեստերինի, գլյուկոզայի մակարդակը: Հայաստանում շատ քիչ տղամարդկանց մոտ է այդ տարիքում հսկվում և պահպանվում զարկերակային ճնշումը»:
Մարինա Օրդյանը թվարկեց մի քանի գործոններ ևս, որոնք ազդում են սեռական ֆունկցիաների խանգարումների և սիրտանթոային հիվանդությունների առաջացմանը՝ ծխամոլություն, սխալ սննդակարգ, չափից շատ ալկոհոլի օգտագործում, ֆիզիկական պասիվ վիճակ:
«Հաստատված է, որ ծխախոտի մեկ տուփը կյանքից կրճատում է մեկ սեռական ակտ»,-հավելեց մասնագետը:
էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի կարծիքով՝ շատ տղամարդիկ իրենց կյանքը կապում են ուտել-խմելու հետ. «Ունենում եմ այնպիսի այցելուներ, որոնց առաջին մտահոգությունը լինում է ոչ թե իրենց արդեն վնասված առողջությունը վերականգնելը, այլև այն, թե ինչը կխանգարի իրենց ուտել-խմելուն: Շատերն էլ գալիս անգամ ասում են՝ «ինչ կլինի բուժվեմ, բայց փորս մնա, առանց փորի ես սիրուն չեմ»: Մինչև մարդը չգիտակցի, որ ամեն օրգան-ֆունկցիա սերտորեն իրար հետ կապված են, ինչն էլ իր հերթին կախված է մեր սեղանի պարունակության հետ՝ դրական տեղաշարժ չի լինի»:
«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահը հավելեց, որ մեզ մոտ բազմաթիվ ծրագրեր կան, որոնք իրականացվում են կնոջ առողջության պահպանման համար, սակայն տղամարդկանց առողջությունը բավականին բարձիթողի վիճակում է. «Ճիշտ է՝ իրականացվում են սկրինինգային ծրագրեր, սակայն տղամարդկանց անպտղության վերաբերյալ որևէ ծրագիր չի իրականացվում: Սա խնդիր է, որը պետք է լուծել»: