Կուման. «ՄՅու»-ի հետ խաղում ոչ-ոքին արդարացի արդյունք է»
«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հանդիպումից իր տպավորություններով։ Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվել է 1։1 հաշվով։
«Ընդհանուր առմամբ՝ թիմը լավ խաղաց, հենց խաղասկզբից կազմակերպված խաղ ցուցադրեցինք։ Բարդացրեցինք «ՄՅու»-ի ստեղծագործական խաղը և մրցակցին գրեթե չթույլատրեցինք ինչ-որ բան ստեղծել։ Սխալի պատճառով գնդակ բաց թողեցինք և, իհարկե, հիասթափված էինք։ Նվազագույնը միավորի էինք արժանի։ Փոխարինումներ կատարեցինք ու ռիսկի դիմեցինք՝ խաղալով 4 հարձակվողով։ Դե Հեան 1-2 հիանալի սեյվ կատարեց, մենք կարող էինք ավելի վաղ գոլ խփել։ Սա արդարացի արդյունք է։ Առաջվա պես չենք պարտվում տանը, ինչի համար շատ ուրախ ենք»,- Կումանի խոսքերը մեջբերել է sovsport.ru-ն։
Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացել է Զլատան Իբրահիմովիչը։ Խաղավերջում Լեյտոն Բեյնսը 11 մետրանոց հարվածով վերականգնել է հաշվի հավասարակշռությունը։ Ժոզե Մոուրինյոյի թիմը վաստակել է 21 միավոր ու մնացել 6-րդ հորիզոնականում, իսկ «Էվերտոնը» 20 միավորով 8-րդն է։