Սիմոնե Ինձագի. «Ռոմայից» կրած պարտությունը խայտառակություն է»
«Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին «Ռոմայի» հետ Իտալիայի առաջնության 15-րդ տուրի խաղում 0։2 հաշվով կրած պարտությունից հետո նշել է, որ իր թիմին չի բավարարել վճռականությունը։ Մարզչի խոսքերով՝ ինքն ավելին է սպասել իր խաղացողներից։
«Մեզ վճռականությունը չբավարարեց,- Ինձագիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Չեմ հիշում որևէ հարված «Ռոմայի» դարպասին առաջին խաղակեսում։ Սա խայտառակություն ու հսկայական հիասթափություն է ինձ ու ֆուտբոլիստների համար։ Ես հասկանում եմ, որ մեր հասցեին քննադատություն կհնչի։ Ավելին էի սպասում իմ թիմից։ Սակայն մրցակիցը լավ գործեց պաշտպանությունում, իսկ հետո մենք երկու նվեր արեցինք «Ռոմային»։ Այս պարտությունը մեզ կօգնի աճել, սակայն ես կգերադասեի պարտվել մեկ այլ թիմի հետ խաղում»։