Ազար. «Կոստան կարող է դառնալ Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն, իսկ ես՝ լավագույն խաղացողը»
«Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը կիսվել է իր թիմակից Դիեգո Կոստայի հեռանկարների մասին կարծիքով։
«Ես միշտ ասում եմ Կոստային, որ նա կարող է դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն։ Եթե նա գոլ խփելու հնարավորություն ունի, օգտվում է դրանից։ Բայց նա, իրոք, կարող է լավագույնը լինել։ Իսկ ես կդառնամ Անգլիայի ընթացիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստը,- Ազարի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Հիմա մենք միայն ծիծաղում ենք, բայց եկեք նայենք։ Դիեգոն հանդես է գալիս շատ բարձր մակարդակով և շատ գոլեր է խփում։ Մենք, որպես թիմ, ուժեղ ենք, միասին ենք, ու դա լավ է։ Ուզում ենք նույն մակարդակով շարունակել ելույթները։ Լի ենք ցանկությամբ»։
Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կոստան արդեն 11 գոլ է խփել Պրեմիեր լիգայում անցկացրած 14 խաղում։ Նա «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը։ Ինչ վերաբերվում է Էդեն Ազարին, նա 14 խաղում աչքի է ընկել 8 անգամ։