Ամենաճիշտ հասցեն՝ Գրականության և արվեստի թանգարան
Այս տարվա ընթացքում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին է նվիրաբերվել 5-6 ամբողջական արխիվ, նաև առանձին թանգարանային առարկաներ՝ արվեստի, գրական գործիչների նամակներ, լուսանկարներ, ձեռագրեր, անձնական իրար,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը՝ չկարողանալով հստակ նշել, թե այդ ամենը քանի միավոր է կազմում, քանի որ դեռևս ամբողջապես չեն մշակել:
Նա նշեց, որ վերջին տարիներին բավականին շատ են նվիրատվություններ անողները. «Մենք մեր միջոցառումների ժամանակ բոլոր ներկաներին, ովքեր հիմնականում արվեստասերներն, կոչ ենք անում, որ եթե իրենց տանն ունեն մեր երևելի ավագներին պատկանող մասունքներ, ամենաճիշտ հասցեն մեր թանգարանն է: Արդյունք տալիս է: Տարեցտարի ավելի են ակտիվանում նվիրաբերողների թիվը»:
Պետությունը թանգարանի ֆոնդերի համալրման համար գումար չի տալիս, սակայն, Կ. Վարդանյանի խոսքով, երբեմն լինում են դեպքեր, որ ցանկանում են տվալ գործչի արխիվը, կամ տվյալ գործչին պատկանող իրը գնել:
«Այս տարի բացառիկ դեպք ունեցանք: Համո Սահյանի որդուց՝ Նաիրիից, գնացինք հոր արխիվը: Գիտխորհուրդը գնահատեց, մշակույթի նախարարություն գրություն ուղարկեցինք այն հիմնավորմամբ, որ խոսքը գնում է Համո Սահյանի մասին, հատկապես մեծ մասը չհրապարակված նյութեր են: Նախարարությունն աջակցեց»,- ասաց նա:
Կ. Վարդանյանը նշեց, որ այսօր իրենց թանգարանում կա1,5 միլիոն միավոր հավաքածու. «Միավորների քանակով մեր հավաքածուն Հայաստանում ամենամեծն է, բայց մեկ միավոր ասելով՝ կարող է լինել մեկ լուսանկար, մեծ բացիկ, կամ մի ձեռագիր տետր՝ 1500 էջից բաղկացած»: