Հալեպահայերն առաջին անգամ մուտք են գործել Հալեպի Ազգային գերեզմանատուն, այցելել հարազատների շիրիմներին
«Արևելք» կայքէջը զրուցել է հալեպահայ Ն. Յ.-ի հետ, ովքեր կարողացել են առաջինը մուտք գործել Հալեպի Ազգային գերեզմանատուն, որը վերջին հինգ տարիների ընթացքում փակ է եղել:
Ըստ աղբյուրի, վերջին տասն օրվա ընթացքում Սիրիայի բանակը Հալեպի մեջ գրանցել է հաջողություններ, որոնց շնորհիվ քաղաքի բնակիչներին հասանելի են դարձել այն հատվածները, որոնք անցած տարիներին վերածվել էին զինյալների գործողությունների թատերաբեմ և գտնվում էին ահաբեկիչ զինյալների տիրապետության տակ:
«Գերեզմանատուն առաջին մտնողներն եղանք, շրջանի մեջ մարդ չկար, դուռը հրեցինք ու ներս մտանք», -ասել է«Արևելք»-ի զրուցակիցը:
Պատմել է, որ մի քանի գերեզմաններ կային, որ հրթիռների բեկորներից վնասվել են, բայց դրանք քիչ են եղել:
«Մենք մատուռի մեջ աղոթեցինք, որտեղ երևի հինգ տարուց ի վեր ոչ մի աղոթք չէր հնչել: Մեր ընտանեկան դամբարան նույնպես այցելեցինք ու մոմ վառեցինք: Չէի պատկերացնում այս վիճակում տեսնել գերեզմանատունը, մանավանդ որ դրա շուրջը թեժ մարտեր են եղել: Բավական դժվարությամբ հասանք: Ցանկապատներից մեկի մոտ բանակի զինվորները արգելեցին մեզ՝ ապահովության նկատառումներից ելնելով, սակայն մենք ցույց տվեցինք մեր մոտ եղած մոմերը ու ասացինք, որ այցելում ենք հարազատների շիրիմներին», -պատմել է զրուցակիցը՝ նշելով, որ բաց տեղերով են քայլել, որպեսզի ականների վրա չհայտնվեն:
Հարակից հրապարակումներ`
- Արևելյան Հալեպում զինյալները սկսել են բանակցել կապիտուլյացիայի ենթարկվելու շուրջ
- Ռուս մասնագետները կականազերծեն Հալեպի ազատագրված տարածքները
- Լուսանկարներ՝ Հալեպի ազատագրված Բոստան Փաշա թաղամասից