Մերի Մարգարյանի մահվան գործով շարունակվում է վկա բժիշկների հարցաքննությունը
Ծննդկան Մերի Մարգարյանի և նրա երեխայի մահվան գործով դատական նիստը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ևս սկսվեց ու ավարտվեց վկաների հարցաքննությամբ:
Հարցաքննվեցին «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բուժաշխատողներից երկուսը, իսկ մյուս երեքի հարցաքննությունը կշարունակվի դեկտեմբերի 13-ին կայանալիք դատական նիստում:
Ծննդկան Մերի Մարգարյանի և նրա երեխայի մահվան գործով, հիշեցնենք, ամբաստանյալներ են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը, որոնք մեղադրվում են հղի Մերիին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար (ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդված)։
Այսպես, այսօր վկաներից առաջինը հարցաքննվեց բուժքույր Արփինե Մուրադյանը և ասաց, որ 2015 թվականի հուլիսի 27-ին իր հերթապահությունն ընդունելուց հետո Մերիին մանկաբարձական բաժանմունքից տեղափոխել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Մեղադրանքը պաշտպանող դատախազը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանը հետաքրքրվեցին, թե իմացե՞լ է ինչ վիճակում է եղել Մերի Մարգարյանը, սակայն վկան ասաց, թե չի իմացել, տեղյակ չի եղել նրա առողջական վիճակի մասին: «Մեզ նրա վիճակի մասին անկետա չեն տվել: Ես միայն տեղափոխել եմ հիվանդին այլ բաժանմունք», -ասաց վկան՝ նշելով, որ հիվանդո զբաղվել է մանկաբաչձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը:
Նիստը նախագահող դատավոր Դավիթ Բալայանը նկատեց, որ վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում հակասություններ կան և որ վկան նախաքննության փուլում տված ցուցմունքում ասել է, որ մտել է հիվանդասենյակ, հետաքրքրվել նրա առողջությամբ, սակայն որևէ միջամտություն չի կատարել, քանի որ նա այդ ժամին նշանակումներ չուներ:
Փաստաբան Թովմասյանը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է այդուհանդերձ բուժքույրը չի մտել և չի հետաքրքրվել, Մերիի առողջական վիճակով և նրան մոտեցել է միայն տեղափոխելու ժամանակ, վկան ի պատասխան ասաց, որ հնարավոր է, քանի որ մանրամասներ չի հիշում:
Մյուս վկան «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Գրիգորյանն էր: Նա ասաց, որ հուլիսին եղել է ծնարանի պատասխանատուն, և նրա պարտականությունների մեջ է մտնում հսկել ծնարանի աշխատանքը, ընդունել այն հիվանդներին, ովքեր չունեն հսկող բժիշկ:
Գրիգորյանն ասաց, որ Մերի Մարգարյանին ինքը չի ընդունել ու չի զննել, քանի որ Մերին ունեցել է իրեն հսկող բժիշկը՝ Շուշանիկ Բախշյանին: Ինչ վերաբերում է, թե ինչ է իմացել է Լիլիթ Գրիգորյանը Մերի Մարգարյանի առողջական վիճակի մասին, ապա վկան ասաց, թե տեղյակ է եղել, որ Մերին հիվանդանոց է ընդունվել սուր շնչառական հիվանդությամբ:
Վկայի խոսքով, բժիշկների արագ հավաքի ժամանակ Մերիի մասին զեկուցվել է բժիշկների կողմից և նշվել է, որ նրան հսկում է բժշկուիհի Շուշանիկ Բախշյանը: «Ես այլ մանրամասների մասին տեղյակ չեմ եղել», -ասաց վկան:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանը նկատեց, որ նախաքննության փուլում ցուցմունք է տվել, թե Մերրի Մարգարյանի անալիզներում եղել են շեղումներ: Ի պատասխան վկան Գրիգորյանը հստակեցրեց, որ իր ասածը վերաբերել է դեպքից հետո տիրապետած տեղեկատվությանը, մինչ այդ ինքը չի իմացել մանրամասների մասին:
Ի դեպ, ամբաստանյալներ Շուշանիկ Բախշյանի և Անի Բաբելյանի պաշտպանությունը բժիշկներին հարցեր չուներ տալու: Ավելին Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Արփինե Մուրադյանի մասով նկատեց. «Բուժքույր է, ի՞նչ պետք է իմանա, որ հարցեր տանք»:
Հարակից հրապարակումներ`
- Շատ բարի, գրագետ, բարեկիրթ աղջիկ էր. Ցուցմունք՝ Մերի Մարգարյանի գործով
- Շուշանիկ Բախշյանը կոպիտ ու «մուննաթով» էր խոսում Մերիի հետ. Ցուցմունք դատարանում
- Մերի Մարգարյանը մտավ իմ սենյակ, ասաց՝ շունչը կտրվում է. Սրտաբանի ցուցմունքը
- Տուժող կողմի հետ նախարարի հանդիպումը վրդովեցրել է Շուշանիկ Բախշյանի պաշտպանությանը
- Ինչո՞ւ Մերի Մարգարյանին կեսարյան հատում չեն արել «Շենգավիթ»-ում
- Դատարանում ներկայացված փաստաթղթերով կասկածի տակ դրվեց Շուշանիկ Բախշյանի մասնագիտացումը
- Շուշանիկ Բախշյանը օգնության հասավ դատավորին
- Մերի Մարգարյանի մայրը խնդրել է խստորեն պատժել Շուշանիկ Բախշյանին
- Ծննդկան Մերի Մարգարյանի հոսպիտալացումը եղել է ուշացումով. Եզրակացություն
- Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով դատավարությանը պաշտպանական կողմը փաստաթղթերում հակասություններ է գտել
- «Աղջիկս ֆանտաստիկ ձևով էր վստահում Շուշանիկ Բախշյանին». Ցուցմունք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան