Ամիրան Ամիրխանով. «Մեր նպատակն իրագործելու հնարավորություն դեռ կունենանք»
«Ուրարտու» բասկետբոլի թիմի ավագ Ամիրան Ամիրխանովը նոր ակումբ է որոնում՝ մարզական կարիերան շարունակելու, լավ մարզավիճակ պահպանելու և հաջորդ տարի Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականին օգնելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նշեց Ամիրանը՝ ցավ հայտնելով, որ հայկական թիմը նման անփառունակ մրցելույթներ ունեցավ Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությունում և դադարեցրեց մասնակցությունը մրցաշարին:
«Վիրավորական է և ցավալի, որ այսպես եղավ: Մեծ հույսեր ունեինք: Ուզում էինք զարգացնել հայկական բասկետբոլը, և ես հուսով եմ, որ Ռուսաստանի Սուպերլիգա-1-ից դուրս գալով ոչինչ չի ավարտվել: Մեր նպատակն իրագործելու հնարավորություն, վստահ եմ, դեռ կունենանք: Խնդիրների մասին խոսել չեմ կարող, պարզապես ստացվեց այն, ինչ ստացվեց: Բազմաթիվ պատճառներով չկարողացանք հաղթել խաղերից ոչ մեկում, սակայն այս պարտությունները չպետք է ազդեին ակումբի հետագա գործունեության վրա: Բայց դա տեղի ունեցավ»,- նշեց թիմի ավագը:
Ամիրանը փաստեց, որ թե ինքը, թե մյուս տղաները մեծ հույսեր են կապում Հայաստանի ազգային հավաքականի հետ, փնտրում են նոր ակումբներ, որպեսզի հաջորդ տարի կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի ժամանակ կազմ ու պատրաստ լինեն և հաջող մրցելույթներ ունենան: