Արա Պողոսյան. «Հայաստանում ոչ ոք չի կանգնում պարտվողի կողքին»
Օրեր առաջ Երևանի «Ուրարտու» բասկետբոլի թիմը պաշտոնապես հայտարարեց, որ դադարեցնում է մրցելույթները Ռուսաստանի սուպերլիգա-1-ի խաղարկությունում, որում հայկական թիմը պարտություն էր կրել բոլոր 9 հանդիպումներում:
Ի՞նչն էր նման որոշման պատճառը և ի՞նչ է այժմ սպասվում «Ուրարտուին», լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց ակումբի նախագահ Արա Պողոսյանը: Պարզվում է՝ խնդիրները շատ են ու բազմազան և ամենևին խոսքը չի գնում զուտ ֆինանսական խնդիրների մասին, ինչպես թվում էր առաջին հայացքից:
Պողոսյանի խոսքերով՝ լրագրողների հետ իր առաջին հանդիպումը բավական պայծառ առիթով էր: Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը ոսկե մեդալ էր նվաճել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Բնականաբար, բոլորն ուրախ էին և այդ հավաքականի հիմքի վրա էլ հենց որոշում կայացվեց ստեղծել թիմ, որը ելույթ կունենա որևէ ուժեղ առաջնությունում:
Թիմն ստեղծվեց, որպես ուժեղագույն առաջնություն ընտրվեց Ռուսաստանի Սուպերլիգա-1-ը, բայց, ինչպես պարզվեց, ինչ-որ տեղ ինչ-որ հարցերում շտապել ենք:
«Պատճառը միայն ֆինանսները չեն: Դրանք կարող ենք հայթայթել: Հիմնական խնդիրն այն է, որ մենք կանգնեցինք մի շարք խոչընդոտների առջև, որոնք չհաջողվեց հաղթահարել: Բանն այն է, որ նախ Ռուսաստանի ֆեդերացիան ամեն ինչ անում էր, որ մենք դժվարություններ ունենանք, հետո մեր վնասվածք ստացած բասկետբոլիստներին փոխարինելու հնարավորություն չունեինք, քանի որ այդպես էր պահանջում առաջնության կանոնակարգը: Մեր բոլոր խաղացողները պետք է ունենային հայկական քաղաքացիություն, իսկ մենք շատ սահմանափակ հայազգի խաղացողներ ունենք, որոնք այս տարի ելույթ ունենալու հնարավորություն ունեին»,- նշեց Արա Պողոսյանը:
«Ուրարտուի» նախագահը շեշտեց, որ անիմաստ համարելով շարունակական պարտություններ կրելը՝ որոշում է կայացվել դուրս գալ խաղարկությունից և այն ֆինանսները, որոնք ծախսվում են, ավելի նպատակային օգտագործել: Այս ամենին ի հավելում՝ խաղացողների և երկրպագուների հոգեպես ընկճված վիճակը, որը խաղից խաղ և պարտությունից պարտություն ավելի ու ավելի էր խաթարվում:
«Ռիսկերը հաշվել էինք, ունեինք ֆիքսված բյուջե: Վստահաբար կարող եմ ասել, որ ոչ ոքի ոչ մի դրամ պարտք չենք մնացել: Ռուսաստանի ֆեդերացիայի բոլոր վճարումները կատարված են, բասկետբոլիստների աշխատավարձերը՝ ևս: Այս ընթացքում այդպես էլ հովանավորներ չունեցանք, թեև անընդհատ առաջարկներ էին լինում՝ զուտ խոստումներով: Հայաստանում այդպես է, ոչ ոք չի կանգնում պարտվողի կողքին»,- նշեց Արա Պողոսյանը:
«Ուրարտուի» նախագահը փաստեց, որ բասկետբոլիստները նույնիսկ ցանկություն էին հայտնել շարունակել մրցելույթներն ու խաղալ թիմի կազմում անվճար հիմունքներով, սակայն որոշումը կայացվել է և հաղթանակի հույսը նման պայմաններում մարել: