Գերմանացի արևելագետ: Հայաստանը առեղծվածային երկիր է, նրա մասին պետք է լավ հոգ տանել
Հայկո Կոնրադը գերմանացի արևելագետ է, ով դասավանդում է կրոնի պատմություն Բեռլինում: Նա երկար տարիներ ուսումնասիրում է հայագիտություն և վարժ խոսում է հայերեն:
Պատմելով, թե ինչպես է սկսել հետաքրքրվել Հայաստանով` Հայկոն վերհիշում է որ, առաջին անգամ լսել է Հայաստանի մասին երբ դպրոցական էր և Սովետական միությունից նամականիշներ էր նվեր ստացել Երևանի լուսանկարով: Նա նաև Հայաստանի պատմության մասին լսել է իր հորից: Հետագայում նա նկատել է Հայաստանը հին հռոմեական քարտեզների վրա, ինչը նրան շատ է տպավորել:
Հետագայում նա ուսումնասիրել է Արևելքի պատմությունը և սկսել է սովորել հայերեն և հայոց պատմություն: Նա մասնավորապես ուսումնասիրել է 13-րդ դարի հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցու աշխատությունները:
Հայկո Կոնրադը մեծ հետաքրքրությամբ է խոսում Գանձակեցու աշխատանքների մասին:
«Կիրակոս Գանձակեցին շատ կարևոր պատմական աղբյուր է: Նրա գրքերը տալիս են լայն պատկերացում ո՛չ միայն Հայաստանի միջնադարյան պատմության մասին, այլև պատմության մասին ընդհանրապես… Կիրակոսը պատմում է պատմություններ և լեգենդներ Հայաստանի, Վրաստանի, Հռոմի, Բյուզանդիայի, պարսիկների, արաբների, սելջուկների և մոնղոլների մասին: Իր գրքի առաջին մասում նա պատմում է Գրիգոր Լուսավորչի, Կիլիկիայի թագավորության, ինչպես նաև Ներսես Շնորհալու և հայկական եկեղեցու մասին: Գրքի երկրորդ մասում նա գրում է Կիլիկիայում Լևոն Առաջինի թագավորության մասին, ինչպես նաև նկարագրում է 13-րդ դարի այն ժամանակահատվածը, որում ինքը ապրել է և որի իրադարձությունների ականատեսն է եղել: Հատկապես հետաքրքիր է, որ նա այդ ամենը պատմում է վանականի աչքերով: Պատմիչը հաճախ զուգահեռներ է անցկացնում առասպելաբանության և պամության միջև, և ներկայացնում է պատմական փաստերը, լեգենդներն ու հրաշքները որպես այն ժամանակվա պատմության անբաժան մաս: Կիրակոսը նկարագրում է եկեղեցու սրբերի հրաշագործությունները և միևնույն ժամանակ շեշտում, որ հերետիկոսների արած 'հրաշքները' կեղծ էին:
Գանձակեցին հայրենասեր է և նրա մտածողությունը շատ հայկական է: Նա շատ վատ է խոսում մուսուլմանների մասին: Նա պատմում է Գանձակում տեղի ունեցող պատմությունները, ինչպես նաև նկարագրում, թե ինչպես են մոնղոլներն ավիրել Գանձակը: Դժվար է հասկանալ ժամանակակից հայոց պատմությունը, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը, առանց իմանալու այս դարերի պատմությունը», - ասում է գերմանացի արևելագետը:
Հայկո Կանրադը որոշ ժամանակ ապրել է Հայաստանում: Նա հաճախ այցելում է Մատենադարան` ուսումնասիրելու հայոց պատմությունը ձեռագրերով և բնագրերով: Այն հարցին, թե ինչպիսին է Հայաստանը նրա աչքերով` Հայկոն պատասխանում է.
«Հայաստանը առեղծվածային երկիր է, այն միևնույն ժամանակ անցումային երկիր է: Հայաստանը սեյսմիկ է թե՛ աշխարհագրական, և թե՛ քաղաքական իմաստներով: Հրաշալի հյուրընկալություն ունեն հայերը, հատկապես գյուղերում ապրող մարդիկ: Հայաստանն ունի շատ համեղ սնունդ – հատկապես համեղ են տնական պատրաստած ուտելիքները: Ես շատ եմ սիրում հայկական մածունը», – հատուկ շեշտում է Հայկոն:
Նա նկարագրում է հայկական բնությունը, սարերը, Սևանա լիճը և Արարատյան դաշտավայրը` ասելով, որ երջանիկ է իրեն զգում այստեղ: Միևնույն ժամանակ, երևանցուն հատուկ սրտացավությամբ, նա իր մտահոգությունն է հայտնում հին Երևանի ճարտարապետության ներկայիս վիճակի մասին:
«Երևանում շատ են բարձրահարկ շենքերը, դրանք չպետք է այդ քանակով կառուցվեին կենտրոնում, քանի որ աղավաղում են ողջ քաղաքի ճարտարապետությունը: Ողբերգություն է, որ պատմական կենտրոնի հին շենքերը քանդվում են: Պատմական կենտրոնում չպետք է կառուցվեն Դուբայի շենքերի նման շենքեր», – ասում է նա:
Հայկոն նաև իր մտահոգությունը հայտնեց Հայաստանում շրջակա միջավայրի խնդիրների շուրջ` մասնավորապես առ այն, որ մեծ տարածքներ են տրվում արտասահմանյան հանքային արդյունաբերական կազմակերպություններին, ինչպես նաև այն, որ շրջակա միջավայրի մասին բնակչության գիտակցության մակարդակը բարձր չէ:
«Հայաստանը հրաշալի երկիր է, և այն կարիք ունի, որ իր մասին լավ հոգ տանեն», – ասաց նա:
Նա նաև պատմեց իր նոր ճարտարապետական գաղափարի մասին.
«Երևանը կարող էր վերստեղծել աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, պարզապես դեռ ոչ ոք չգիտի այդ մասին: Ես նկատի ունեմ կախովի այգիները: Ես միշտ ունեցել եմ այս գաղափարը, որ Կասկադի աջ և ձախ կողմերում կարելի է տնկել կախովի այգիներ: Քանի որ Հայաստանը մի երկիր է, որտեղ հին ժամանակներից մշակույթն ու պատմությունը միշտ միահյուսված են եղել, չկա ավելի լավ վայր, քան Կասկադը կախովի այգիները վերստեղծելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան