Ծովագյուղում բացվեց Հայաստանում հնդկացորենի վերամշակման առաջին գործարանը
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում այսօր անսովոր եռուզեռ է: Հայաստանում հնդկացորենի վերամշակման առաջին գործարանն այսօր հենց այս գյուղում բացվեց:
Համայնքի 105 բնակիչների մասնակցությամբ ստեղծվել է կոոպերատիվը՝ «Ծովագյուղի հնդկացորեն»-ը: Յուրաքանչյուր մասնակից 50 հազար դրամ ու 1 հա վարելահող է գործում ներդրել: 105 հեկտար հողում հնդկացորեն են աճեցրել:
Կոոպերատիվի նախագահ Սուսաննա Թովմասյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ արդյունքները գոհացնող են:
«Հուլիսի սկզբներին կարկուտը բերքը մի քիչ վնասեց՝ մոտ 30 տոկոսը: Սակայն այն վերականգնվող բույս է: Նույնիսկ հողեր կային, որ 25 տարի շարունակ չէին մշակվել: 1 հա-ի հաշվով ստացանք 1.5-1.7 տոննա հնդկացորեն: Գոհ ենք»,-նշեց նա:
Գործարանը ստեղծվել է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» (ENPARD) գյուղատնտեսական ծրագրի շնորհիվ: Ռուսաստանից եկած մասնագետներն էլ սովորեցնում են, ինչպես պետք է ճիշտ աշխատել: Ծրագրի շրջանակում նաև անվճար սերմացու ու պարարտանյութեր են տրամադրվել:
«Մինչ այս սերմացուներն էինք մշակում, այսօր գործի են դրվել վառարանները»,-ասաց կոոպերատիվի նախագահը:
Համայնքի բնակիչները մտադիր են տարեցտարի ավելացնել ցանաքատարածությունների մակերեսը, գործարանի արտադրական հզորությունը, ընդլայնել կոոպերատիվի կազմը: Եթե Ծովագյուղում աճեցրած հնդկացորենի վերամշակումը շուտ ավարտեն, ապա պատրաստ են վերամշակել նաև Վարսերում, Կարմիր գյուղում, Սոլակում, Վարդենիսում, Գավառում աճեցրած հնդկացորենը:
«Մշակած հնդկացորենի գնորդներ արդեն կան: Մեզ դիմում են նաև սերմացու ձեռք բերելու համար: Դեռ չենք փաթեթավորել, կարի մեքենան դեռ չի բերվել: Հիմա տեսակավորումն ենք անում, իսկ կարի մեքենայի բերելուց հետո արդեն իրացման խոշոր ցանցերին էլ կվաճառենք»,-ասաց Ս. Թովմասյանը:
Անգարում տեղակայված գործարանն այս պահին 10 աշխատատեղ է ապահովում: Կոոպերատիվի անդամները դեռ չեն հաշվարկել, թե որքան եկամուտ կունենան:
«Վերջնական հաշվարկ չենք արել, թեև համոզված եմ, որ դժգոհ մարդիկ չեն լինի, ամեն ինչ լավ է լինելու»,-կարծիք հայտնեց կոոպերատիվի ղեկավարը:
Գյուղում արոտօգտագործողների կոոպերատիվ էլ է գործում: «Ծովագյուղի եգիպտացորեն»-ի կայացմանն այն շատ է օգնել, անհրաժեշտ տեխնիկա է տրամադրել:
«Հիմա մենք կոմբայնի, սերմազատիչի ու մի լավ գութանի կարիք ունենք: Տեսնենք, թե ոնց կարող ենք ձեռք բերել, որքան գումար կարող ենք տնտեսել, որ տեխնիկան ձեռք բերենք: Եթե չկարողանանք, կդիմենք տարբեր կառույցների ու մարմինների»,-ասաց Ս. Թովմասյանը:
Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ENPARD) ծրագրի նպատակն է հզորացնել գյուղմթերք արտադրող խմբերին, նրանց ներգրավել արժեշղթաների զարգացման մեջ, ամրապնդել բարձրորակ և մատչելի արտադրանքի արժեշղթաները, նպաստել գյուղական վայրերի զարգացմանը, ընդլայնել տեղական և միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորությունները, և Հայաստանում ներդնել գյուղատնտեսական արտադրության և մշակման լավագույն փորձը:
Լուսանկարները՝ կոոպերատիվի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է մեխանիզմներ մշակել, որ կոոպերացիաները ցանկալի լինեն. Գյուղնախարար
- ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտի զարգացման գրավականը կոոպերատիվների ստեղծումն է. Նախարար
- Նախատեսում ենք ընթացիկ տարում ստեղծել թվով 45 գյուղացիական կոոպերատիվներ. գյուղնախարար
- Այս տարի կստեղծվեն շուրջ 45 նոր կոոպերատիվներ. գյուղնախարար
- Կառավարությունում քննարկվել են գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացմանը վերաբերող հարցեր
- Կոոպերատիվների զարգացումը մեր երկրի համար հեռանկարային ծրագիր է. Սերգո Կարապետյան