Պատգամավորները պահանջեցին տեղական տուրքերի վերաբերյալ օրինագիծը դնել հանրային քննարկման
«Այս օրենքի նախագիծը հանրային քննարկումներ չի անցել, ինչպես սահմանված է «Իրավական ակտերի մասին» և «ԱԺ կանոնակարգ» օրենքներով: Միգուցե դրվել է ինտերնետում, բայց դա հանրային քննարկում չէ»:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի վերաբերյալ մտքերի փոխանակության ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատգամավորն առաջարկեց, հանել ընդհանրապես տեղական վճարները:
«10 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքները հանրապետությունում շատ չեն, մոտ 30 ավելի են: Բայց դրանցում բնակչության 75 տոկոսն է ապրում: Դրա համար իմ առաջարկը շատ հստակ է և կտրուկ, ընդհանրապես հանել տեղական վճարները, թողել տեղական տուրքերը»,-ասաց նա:
ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը կարևորեց այս օրինագիծը հատկապես համայնքների խոշորացմոն ու վերջին ՏԻՄ ընտրությունների համատեքստում: Նա էլ անհրաժեշտ ահամրեց նախագծի վերաբերյալ հանրային լսումների անցկացումը:
«Դա պետք էր կազմակերպել շատ ավելի շուտ: Անհրաժեշտ է լսումներ կազմակերպել, որպեսզի և համայնքների ղեկավարները, և ավագանին, և փորձագետները կարողանան իրենց տեսակետները հայտնել»,-ասաց պատգամավորը:
Նրա խոսքով, օրենքում փոփոխություններ կատարելը կապվում է տեղական ինքնակառավարման զարգացման հետ, ուստի առաջարկում է պակասեցնել վճարները:
«Եթե մենք ուզում ենք տեղական ինքնակառավարման իրական զարգացում, ապա այո, պետք է տրվի ավելի մեծ ինքնուրույնություն՝ բալանսավորման սկզբունքով: Սա պետք է տանի ՏԻՄ-ի զարգացմանը, հզորացմանը, ոչ թե խնդիրներին»,-ասաց Շահգելդյանը:
Նա ասաց, որ օրինագծում քարացած մոտեցումներ կան, օրինակ հոդված 13-ի 3-րդ կետը:
Հիմնական զեկուցող տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, հնչած առաջարկությունները կքննարկվեն, կներկայացվեն պարզաբանումներ ու հիմնավորումներ: Նա խնդրեց հարմար պահի ու դրական վերաբերմունքով նախագիծը դնել քվեարկության: