Ամեն քայլափոխի անձնական տվյալների պաշտպանության ոլորտում խախտումներ կան. Շ. Դոյդոյան
«Տեղեկատվական տեխնոլոգիաների լայնորեն նեդրման պայմաններում անձնական տվյալների պաշտպանությունն էլ ավելի լուրջ խնդիր է դառնում»,- անձնական տվյալների պաշտպանության թեմայով հանրային քննարկմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նշենք, որ քննարկումը կազմակերպել էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպությունը:
Ա. Մելիքյանի խոսքով՝ ինտերնետում գրեթե անվերահսկելի վիճակ է, բայց պետությունը առհասարակ պետք է հոգ տանի անձնական տվյալների գաղտնիությունը պաշտպանելու, անձական կյանքի անձեռնմխելիության իրավունքը պաշտպանելու համար:
Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանն ասաց, որ երեք հիմնական ոլորտ են համարել առաջնահերթություն՝ տեսանկարահանում, հաղորդագրություններ, երեխաների անձնական տվյալների պաշտպանություն:
Նա տեղեկացրեց, որ տեսանկարահանման ոլորտում մշակել են համապարփակ ուղեցույց, որը թեև պարտադիր կատարման պահանջ չունի, սակայն խորհրդատվություն է, շեշտված են այն հիմնական կետերը, որոնց պետք է յուրաքանչյուր անձ հետևի:
«Անցանկալի հաղորդագրությունների հետ կապված մենք մշակել ենք օրենքի նախագիծ: Մարդ իր բջջային հեռախոսին չպետք է ստանա առևտրային բնույթի հաղոդագրություն, եթե չի տվել իր համաձայնությունը: Եթե անգամ տվել է համաձայնություն, պետք է հնարավորություն ունենա հետ կանչել այդ համաձայնությունը»,- ասաց Շ. Դոդյդոյանը:
Նա հույս ունի, որ մինչև տարեվերջ օրենքի նախագիծը կյանքի կկոչվի:
Նա ամենակարևոր ոլորտներից է համարում անչափահասների անձնական տվյալների պաշտպանությունը: Շ. Դոյդոյանի խոսքով՝ այս պահին մշակում են համապարփակ ուղեցույց, որը վերջնական կընդունվի միայն հասարակական կարծիքը լսելուց, քննարկումներից հետո:
«Երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը մեր երկրի, ժողովրդի համար ստրատեգիկ, ազգային անվտանգության խնդիր է»,- ընդգծեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետը:
Նա նշեց, որ այսօր Հայաստանում չկա մի կազմակերպություն՝ թե պետական, թե մասնավոր սեկտորում, որտեղ ամեն ինչ նորմալ լինի:
«Խախտումներ կան ամեն քայլափոխին: Մենք անընդհատ ասում ենք այդ մասին»,- ասաց Շ. Դոյդոյանը: