ՔԿՀ-ներում կան առողջապահական, բժշկական ծառայությունների հետ կապված խնդիրներ. Ա.Թաթոյան
«Քրեակատարողական հիմնարկներում, իհարկե, կան առողջապահական, բժշկական ծառայությունների հետ կապված խնդիրներ: Մենք հատուկ հետազոտություն եք անում՝ ուղղված բացառապես քրեակատարողական հիմնարկներում բժշկական խնդիրների վերհանմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ առողջապահական, բժշկական ծառայությունների հետ կապված խնիդրներն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքեր:
«Օբյեկտիվն այն է, որ բժիշկների, նաև որակյալ կադրերի սահմանափակ ներգրավածություն ունենք: Առանց կադրային համալրվածության, հնարավոր չէ ապահովել որակյալ ծառայությունը: Սա կարևոր է, պետությունը պետք է ապահովի»,- ասաց նա:
ՄԻՊ-ը կարևորեց նաև բժշկական սարքավորումների հարցը, որը նույնպես խոչընդոտում է առողջապահական ծառայությունների որակյալ մատուցմանը:
Օմբուդսմենի խոսքով՝ կարևոր է նաև բարձրացնել քրեակատարողական ծառայողների կողմից մատուցվող ծառայությունների որակը: Նրանց համար, Ա. Թաթոյանի խոսքով, անհրաժեշտ են պատշաճ աշխատանքի պայմաններ, նորմալ վարձատրություն:
Հարցին, թե ՔԿՀ-ներում որքանո՞վ են առկա խոշտանգումների դեպքեր, ՄԻՊ-ն ասաց. «Ընդհանուր բնորոշենք վատ վերաբերմունք, խոշտանգումը դրա ամենածանր տեսակն է: Ահազանգեր ստանում ենք: Ցանկացած նման դեպք արձանագրելիս՝ անպայման ուղարկում ենք քրեական հետապնդման մարմին»:
Նշենք, որ այսօր կայացավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը, որի ընթացքում ծավակվեց ազատությունից զրկման վայրերում անձի իրավունքների ապահովման հարցի շուրջ քննարկում: Նիստին ներկա էր արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Լրագրողների հետ զրույցում Ս. Քրմոյանն ասաց, որ ՔԿՀ-ներում անձի իրավունքների ապահովման հետ կապված իրականացնում են օրենսդրական կարգավորումներ, պատրաստել են լուծումներ, կառավարությունում քննարկվում է «Բժշկական ծառայությունների արդիականացման ծրագիրը ՔԿՀ-ներում» հայեցակարգը:
Նրա խոսքով՝ հայեցակարգում հաշվի են առնվել ինքնասպանության, մահվան դեպքերը, քաղաքացիական և քրեակատարողական բուժհիմնարկներում բուժման առաձնահատկությունները, որպեսզի առնվազն ՔԿՀ-ում գտնվող անձը ստանա նույն ծառայությունը, ինչ ստանում է ազատության մեջ գտնվող անձը:
«Այդ ստանդարտին են ուղղված մեր բարեփոխումները»,- հավելեց փոխնախարարը:
Ս. Քրմոյանը կարևորեց սննդի հետ կապված խնդիրները: Նա նշեց, որ պետք է հասնել նրան, որ բոլոր բանտարկյալներն օգտվեն ՔԿՀ-ի սնունդից, որպեսզի նվազի հանձնուկների ծավալը:
«Հանձնուկների մեծ ծավալի պատճառով շատ արգելված իրեր են ներթափանցում քրեակատարողական հիմնարկ»,- ասաց արդարադատության փոխնախարարը: