Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը հայց է ներկայացնում ՄԻԵԴ
Թուրքիայի Սահմանադրական դատարանում Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձի մասին հայցի մերժվելուց հետո Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը հայց է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Այդ մասին երեկ երեկոյան «Կիլիկիա.TV»-ի ուղիղ եթերում հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը:
Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում պետք է տեղի ունենա մամլո ասուլիս, որին կմասնակցեն նաև Սիսի գործով դատին մաս կազմած դատական մարմնի անդամները։
«Սիրելի ժողովուրդ, հայոց այս դատը միայն Անթիլիասի դատը չէ, այլ հայ ժողովրդի դատն է, և մենք այս գիտակցությամբ ենք ճամփա ընկել ու պիտի շարունակենք այս իրավական ընթացքը։ Մենք պետք է շարունակենք Ցեղասպանության ճանաչման գործընթացը և ազգային բոլոր կազմակերպություններով ու մարմիններով իրավական դաշտ մուտք գործենք։ Մենք պահանջատեր ժողովուրդ ենք», -հայտարարել է Արամ Ա. Կաթողիկոսը։
Նշենք, որ ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը հայց էր ներկայացրել Թուրքիայի սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսի իր պատմական Կաթողիկոսարանի վերադարձը: Որոշվել է, որ հայցի մերժվելու դեպքում Կիլիկիո կաթողիկոսարանը նույն խնդրով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Թուրքիայի ՍԴ-ն, սակայն մերժել էր հայցը, և ինչպես ծրագրվել էր, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը շարժվում է դեպի Եվրոպական դատարան։
Կիլիկիո Կաթողիկոսարանը, որը գտնվում է պատմական Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սիսում, թուրքական կառավարությունը առգրավել էր Հայոց ցեղասպանությունից հետո: 1921 թվականին Օսմանյան կառավարությունը երկու օր ժամանակ է տվել Սահակ Բ. Խաբայան Կաթողիկոսին` Կաթողիկոսարանից վերջնականապես հեռանալու համար:
Սահակ կաթողիկոսը, վերցնելով կրոնական և մշակութային թանկագին գանձեր (ձեռագիր, հնատիպ, ծիսական սպասք, մյուռոնի կաթսան), իր փոքրաթիվ միաբանության հետ բռնել է գաղթի ճամփան: Վեհափառը հաջորդաբար հաստատվել է Երուսաղեմում, Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում և 1930-ին` Անթիլիասում։
Հարակից հրապարակումներ`
- Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով դատի շուրջ քննարկումներ են ընթանում
- Թուրքիայի արդարադատության նախարարությունը չի քննարկել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջը
- Արամ Ա. Մենք համակողմանիորեն քննարկել ենք Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցը
- Սիսի կաթողիկոսարանում հնչել է ԱՐԱՄ Ա. Կաթողիկոսի հայրապետական պատգամը հայ ժողովրդին
- Սիսի կաթողիկոսարանում հնչել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պահանջատիրական ձայնը
- Արամ Առաջին. Մեր նպատակն է Սիսի կաթողիկոսարանում կրոնական արարողություն կատարել
- Արամ Ա-ի հարցազրույցը New York Times-ին. Սիսի կաթողիկոսարանի պահանջը առաջին իրավական քայլն է
- Պատմաբան. Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հայցով սկիզբ դրվեց պահանջատիրության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան