Պետական բյուջեի նախագծի ընդհանուր ուրվագծերը գրեթե փոփոխության չեն ենթարկվել. Վարդան Արամյան
ՀՀ Ազգային ժողովը սկսել է 2017թ. պետական բյուջեի լրամշակված նախագծի քննարկումները:
Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացնելով ԱԺ մշտական հանձնաժողովների և լիագումար նիստի քննարկումների արդյունքում բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը՝ հիշեցրեց, որ բյուջեն լրամշակելուց առաջ հաշվի են առնվել 4 հիմնական սկզբունք, որոնցից առաջինն այն է, որ բյուջեն լինի մակրոտնտեսական զարգացումներին համահունչ և իրատեսական:
«Մենք չենք կարող ներկայացնել մի բյուջե, որը հաշվի չի առնում տնտեսական զարգացումները, աղճատված է տնտեսությունից, դրա համար շատ կարևոր է, որ մենք այս սկզբունքը պահպանենք նոր ծրագրերը քննարկելու և վերջնական ամփոփումը իրականացնելու տեսանկյունից»,- ասաց նախարարը:
Երկրորդը, ըստ Վարդան Արամյանի, մակրոտնտեսական կայունության սկզբունքն է, քանի որ բազմաթիվ անգամներ շեշտել են, որ պարտքի կայունացման միջոցով գնալու են հարկաբյուջետային կոնսոլիդացիայի, ինչը նշանակում է, որ կառավարությունը 2017թ-ին ծախսերի մասով փոքր-ինչ զուսպ վարքագիծ պետք է դրսևորի, որպեսզի պարտքն ապագա տարիների համար լինի կառավարելի և դուրս չգա վտանգավոր տիրույթ:
Երրորդը հարկային եկամուտների հավաքագրման սկզբունքն է, որտեղ ևս, ըստ ֆինանսների նախարարի, պետք է իրատես լինեն և լրացուցիչ ծանրաբեռնվածություն չդնեն տնտեսավարող սուբյեկտների վրա, քանի որ իրենց գլխավոր թիրախը տնտեսական աճն է, իսկ այդ աճն ապահովողը տնտեսավարող սուբյեկտներն են:
Վարդան Արամյանի խոսքերով՝ չորրորդը իրենց ստանձնած պարտավորություններն են, որոնք պետք է շարունակեն կատարել առաջիկա տարիների ընթացքում:
«Խոսքը սոցիալական, ինչպես նաև միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորությունների մասին է»,- ասաց նա:
Վարդան Արամյանը հայտնեց, որ պետական բյուջեի նախագծի ընդհանուր ուրվագծերը գրեթե փոփոխության չեն ենթարկվե.: Ծախսերի մեջ տողային որոշակի վերաբաշխումներ կատարվել են, բայց ընդհանուր բյուջեն իր շրջանակներով գրեթե պահպանել է իր նախորդ ցուցանիշները:
Այսպիսով, եկամուտների մասով ծրագրում են 1 տրիլիոն 210 միլիարդ դրամի չափով հարկային եկամուտներ, տուրքեր և այլ եկամուտներ: Ծախսերը պահպանվել են 1 տրիլիոն 360 միլիարդ դրամի շրջանակներում, իսկ դեֆիցիտը կկազմի շուրջ 150 միլիարդ 150 միլիոն դրամ:
«Սակայն որոշակի անվանական ցուցանիշներ փոփոխվել են: Չմոռանանք, որ բյուջեն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում՝ հիմք ընդունելով փոխարժեքները սեպտեմբերի 1-ի դրությամբ: Բյուջեի թե եկամտային, թե ծախսային մասում կան արտարժույթներով արտահայտված մուտքեր և ելքեր: Ակնհայտ է, որ փոխարժեքի փոփոխությունը պետք է անդրադառնար նրանց անվանական արժեքի վրա»,- ասաց նա:
Նախարարը հայտնեց, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարը կազմում էր 475 դրամ, իսկ նոյեմբերի դրությամբ՝ 474.69 դրամ: Եվրոն արժեզրկվել է՝ 528.9 դրամից դառնալով 522.66 դրամ: Բնականաբար, ըստ Վարդան Արամյանի, սա իր արտացոլումը պետք է գտներ թե ծախսերի, թե եկամուտների վրա: «Դա հանգեցրել է շուրջ 88 մլն դրամով ծախսերի և եկամուտների փոփոխության, այսինքն՝ նվազել են թե եկամուտները, թե ծախսերը»,- ընդգծեց Վարդան Արամյանը:
Ըստ նրա՝ ծախսերի մասով ևս վերաբաշխումներ են կատարվել: Մասնավորապես, կրթության ոլորտի ծախսերը նվազեցվել են 1 միլիարդ 25 միլիոն դրամով, Ավելացված արժեքի հարկի գերավճարների հետ վերադարձի մասով ծախսերը նվազեցվել են 13.1 մլրդ դրամով, այլ կապիտալ ծախսերը՝ 1.1 մլրդ դրամով, պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերը՝ 0.3 մլրդ դրամով:
Նշվեց նաև, որ գազի սակագների փոփոխության արդյունքում 3 մլրդ դրամով նվազեցրել են նաև ընդհանուր պահպանման ծախսերը:
Վարդան Արամյանը հիշեցրեց, որ այս պահի դրությամբ ավարտել են 4 ԾԻԳ-ի օպտիմալացման գործընթացը և արդյունքներն արդեն արտացոլվել են պետական բյուջեի նախագծում:
Ֆինանսների նախարարը նաև ասաց, որ 16.1 միլիարդ դրամով ավելացվել են հետևյալ ծախսերը. միջազգային կազմակերպություններից վերցված վարկերի սպասարկման ծախսերը՝ 1 մլրդ դրամով, կառավարության պահուստային ֆոնդը՝ 8 մլրդ դրամով, Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծախսերը՝ 1.9 մլրդ դրամով և այլն: