Սիմեոնե. «Կաշխատենք խնդիրներ ստեղծել «Բավարիայի» համար»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումից առաջ պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին։
«Մենք միշտ ցանկացել ենք եզրագիծը հատել առաջին տեղում, ինչն այնքան էլ հեշտ չէ անել այն խմբում, որում նաև «Բավարիան» է ընդգրկված։ Մեզ համար հեշտ չէր հյուրընկալվելիս հաղթել ՊՍՎ-ին ու «Ռոստովին», բայց մենք արեցինք դա։ Մեզ հաջողվեց հաղթել նաև տնային բոլոր հանդիպումներում,- արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- «Բավարիան» շատ ուժեղ թիմ է։ Մյունխենցիներն ի վիճակի են հարմարվել մրցակցին և խաղալ մարտավարական տարբեր սխեմաներով։ Այդպես էր նախ Խոսեպ Գվարդիոլայի օրոք, իսկ այժմ՝ Կառլո Անչելոտտիի ղեկավարությամբ։
Մենք լավ ենք ուսումնասիրել մրցակցին և գերազանց ենք պատրաստվել, ուստի, անշուշտ, կաշխատենք խնդիրներ ստեղծել «Բավարիայի» համար»։
Ավելացնենք, որ «Ատլետիկոն» 5 տուրից հետո իր ակտիվում 15 միավոր ունի և վերջին տուրի հանդիպումից առաջ ապահովել է իր տեղն առաջին հորիզոնականում, իսկ «Բավարիան» վաստակել է 9 միավոր։