Աշխարհի ուժեղագույն ըմբիշները կհանդիպեն Բուդապեշտում
Առաջիկա օրերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի վրա է սևեռվելու աշխարհի ըմբշամարտի սիրահարների ուշադրությունը: Այստեղ տեղի է ունենալու մարզաձևի իրար հաջորդող երկու կարևոր իրադարձություն, որոնց մասնակցելու են նաև Հայաստանի պատվիրակները:
Այսօր մարզիչ Արսեն Մակվեցյանի ղեկավարությամբ Հունգարիա են մեկնել ակումբային թիմերի գավաթի խաղարկություններին արդեն 3-րդ անգամ մասնակցող «Դինամոն»: Թիմի կազմում ընդգրկվել են Վազգեն Խաչատրյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Տիգրան Թորոսյանը (71 կգ), Ռուբեն Ղարիբյանը (75 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ), Արգիշտի Աբգարյանը (85 կգ), Վաղարշակ Մինասյանը (98 կգ), Էդգար Խաչատրյանն ու Վաչիկ Եղիազարյանը (երկուսն էլ 130 կգ):
Դեկտեմբերի 8-ին Բուդապեշտ կժամանեն մեր ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության մասնակիցները՝ 2016 թ. Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը (71 կգ) և 2014 թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր է, մինչև 23 տարեկանների 2015 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը: Նրանք ելույթ են ուենանալու հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ:
Դեկտեմբերի 10-ին և 11-ին, Բուդապեշտում ընթանալիք ազատ ոճի ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի 2016 թ. աշխարհի առաջնությունում ՀՀ մարզական պատիվն են պաշտպանելու 23 տարեկանների 2015 թ. Եվրոպայի չեմպիոն Վոլոդյա Ֆրանգուլյանն ու 74 կգ քաշային կարգի մեծահասակների 2014 թ. Եվրոպայի առաջնության և մինչև 23 տարեկանների 2015 թ. Եվրոպայի փոխչեմպիոն Գրիգոր Գրիգորյանը, ովքեր հանդես են գալու համապատասխանաբար 61 կգ և 70 կգ քաշային կարգերում: Նրանք էլ ելույթ են ունենալու ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ: