«Ուրարտուն» չի լուծարվի
«Ուրարտու» հայկական բասկետբոլի թիմը թեև դադարեցրել է մասնակցությունը Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությանը, սակայն չի լուծարվի և կշարունակի հետագա գործունեությունը: Այս մասին լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրեց ակումբի հիմնադիր-նախագահ Արա Պողոսյանը:
«Պարզապես զգացինք, որ հյուր ենք Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությունում: Ռուսաստանի ֆեդերացիան ոչնչով չէր ցանկանում մեզ օգնել, ընդհակառակը, յուրաքանչյուր հարցում մեզ համար խոչընդոտ էր ստեղծում: Մրցավարները վերջին 3-4 խաղերում անգամ չէին թաքցնում, որ մեր դեմ են տրամադրված: Ամեն խաղից հետո մեզ տուգանքներ էին գալիս՝ մեծ գումարի չափով ու անհիմն պատճառներով: Նույնիսկ տուգանվեցինք այն պատճառով, որ առաջին 2 տուրի հանդիպումները «Միկա» մարզադահլիճի փոխարեն անցկացրեցինք «Դինամոյում»,- ասաց Պողոսյանը:
Նախագահի խոսքերով՝ իրենց հստակ հասկացրել են, որ այս Սուպերլիգան մերը չէ, և թիմը պետք է կամ իրենց պայմաններով խաղա, կամ հեռանա: Զարմանալի է, բայց անգամ երևանյան հանդիպումների մրցակից թիմերի թռիչքի տոմսերն են գնել «Ուրարտուի» ղեկավարները:
«Թիմը ստեղծել էինք հաղթանակներ տոնելու համար և եթե ամեն ինչ ընթանար մեր պատկերացրած սցենարով, հնարավորություն կունենայինք պայքարել մրցանակային եռյակում տեղ գտնելու համար: Ինչևէ, մենք հետադարձ չունենք, սակայն «Ուրարտուն» չի լուծարվի: Հիմա մշակում ենք տարբեր նախագծեր՝ թիմին ճգնաժամից հանելու համար: Հաջորդ տարի նվազագույնը կանցկացնենք ընկերական հանդիպումներ կամ, գուցե, հանդես կգանք Վրաստանի առաջնությունում: Ամեն ինչ կանենք՝ թիմը պահելու համար: Վերլուծելու, սխալներն ուղղելու ժամանակ ունենք»,- նշեց Արա Պողոսյանը:
Վերջում նա հավելեց, որ հաջորդ տարի հայկական բասկետբոլի տարբեր տարիքային խմբերը դեռ կուրախացնեն եվրագավաթային իրենց հաջողություններով, իսկ ազգային թիմից, որը պետք է մասնակցի աշխարհի առաջնության ընտրական փուլին, սպասելիքները մեծ են՝ ոսկե մեդալների տեսքով: