Քաղաքականության մեջ չկան մշտական թշնամիներ ու բարեկամներ. Վ.Բաղդասարյան
ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն առայժմ չեն քննարկել առաջիկա ընտրություններում դաշինքով հանդես գալու հարցը: ՀՅԴ-ն նման ցանկություն չի հայտնել, ոչ էլ ՀՀԿ-ն: Բայց չի բացառվում նման քաղաքական կոնսուլտացիաներ լինեն ինչպես ՀՅԴ-ի, այնպես այլ քաղաքական ուժերի հետ, եթե լինի նման ցանկություն,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք բազմիցս նշել ենք, որ որևէ ուժի հետ բանակցելուց, կոնսուլտացիաներից մենք չենք խուսափում»,- ասաց նա:
Հարցին, թե ԲՀԿ-ի հե՞տ էլ պատրաստ եք բանակցել, Վ. Բաղդասարյանը կրկնեց, որ պատրաստ են բանակցել ցանկացած քաղաքական ուժի հետ:
«Քաղաքականության մեջ չկան մշտական թշնամիներ ու բարեկամներ: Եթե ինչ-որ մեկի հետ խնդիրներ կամ կոնֆլիկտներ ես ունենում քաղաքական դաշտում, համագործակցության բոլոր եզրերը, կամուրջները պետք է վառե՞լ, այրե՞լ: ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է, պետք է մեծահոգի լինի: Պարտավոր է բոլոր քաղաքական ուժերին լսել, բանակցել, եթե լինեն նման առաջարկություններ»,- նշեց ՀՀԿ-ական գործիչը:
Խոսելով ընդդիմադիր դաշում միավորումների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին, Վ. Բաղդասարյանն ասաց, որ հենց իշխանության հորդորն է եղել, որ ընդդիմադիր դաշտում համերաշխություն լինի, վերջ դրվի մրցակցությանը, թե ով է ամենաընդդիմադիրը:
«Բայց ամենամեծ նպատակը պետք է այն լինի, որ դաշինքները, կոալիցիաները ինքնանպատակ չլինեն, դրանք գաղափարական, ծրագրային հենքի վրա լինեն, ապագայի խնդիր լուծելու համար ստեղծվեն: Գագիկ Ծառուկյանի հետ կապված, երբ լինի վերջնական հայտարարություն, մենք կանդրադառնանք»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Հարցին, թե ինչպե՞ս եք մեկնաբանում այն կարծիքները, որ իշխանությունը վերադարձնում է Գագիկ Ծառուկյանին ընդդիմադիր դաշտի որոշակի ձայներ կոնսոլիդացնելու համար, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «Աբսուրդ: Մենք նման հարցերով, խնդիրներով չենք զբաղվում: Խնդրում եմ՝ Գագիկ Ծառուկյանի ինքնուրույն կերպարի վրա ստվեր մի գցեք»:
Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ին անդամակցելուց հետո իր վարկանիշը որոշալի չափով նվազել է, նա ասաց, «Հանրությունն ավելի շատ հավատում է անկուսակացկան մարդկանց, առավել ևս վարչապետի պաշտոնում:
Երբ որևէ գործիչն անդամակցում է որևէ կուսակցության, հավատը նվազում է: Եթե Կարեն Կարապետյանն իրականացնում է ՀՀԿ ծրագրերը, որովհետև իշխող կուսակցությունը ՀՀԿ-ն է, բնականաբար, կառավարության ծրագրերը բխում են ՀՀԿ ծրագրերից, նախագահի նախընտրական ծրագրերից, ավելի հեշտ կլինի այդ ծրագրերն իրականցնել, եթե լինի այդ կուսակցության մեջ և ունենա այդ կուսակցությունում բավականին լուրջ դերակատարություն: Պետք է իրար կողք դնենք՝ իմիջի ինչ-որ չափով նվազո՞ւմ, թե՞ անմիջական մասնակցություն քաղաքական գործընթացներին: Այս՝ պառլամենտական համակարգի իրավիճակում, նոր փուլում, ինձ թվում է, որ բոլոր քաղաքական պաշտոն կրող մարդիկ պետք է որոշեն իրենց կուսակցական պատկանելությունը: Իսկ իմիջի իջնելու կամ բարձրանալու հետ կապված, ինձ թվում է, դա շատ արագ կարող է փոփոխական լինել, երբ որ աշխատանքի արդյունքում հանրությունը, քաղաքական ուժերը տան իրենց գնահատականը: Այդ ժամանակավոր կորուստը, որ նաև նկատել է վարչապետը, շատ արագ վերականգնվում է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան