Գյումրեցի երիտասարդները ձեռնամուխ են եղել անօթևան համաքաղաքացիներին բնակարանով ապահովել
Արդեն չորս տարի է՝ գյումրեցի երիտասարդները ձեռնամուխ են եղել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած համաքաղաքացիներին տանիքով ապահովելու գործին: 2013 թվականինին նրանք ձեռնարկեցին և մինչ օրս հաջողությամբ իրականացնում են «1 բացիկ = 1 բնակարան» ծրագիրը:
Ծրագրի պատասխանատու Արման Գևորգյանը Panorama.am-ին ասաց, որ նախորդ տարիներին կարողացել են բացիկների վաճառքից գոյացած գումարով երեք ընտանիքի բնակարան գնել:
Այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Բարեգործական ջոկատը անցել է գործի՝ 4-րդ անգամ իրականացնելու անչափ կարևոր այս ծրագիրը։ Թեկնածու ընտանիքները ցավոք շատ են, գումարը՝ քիչ:
«Ծրագրի մեկնարկից անցել է շուրջ 1 ամիս ու կես: Ամեն կիրակի անկախ եղանակային պայմաններից ու այլ հանգամանքներից ջոկատի կամավորները Սբ. Աստվածածին Յոթ Վերք եկեղեցու դիմաց իրականացնում են բացիկների բաց վաճառք, որի ժամանակ գնորդներ են դառնում բոլոր գյումրեցիները. յուրաքանչյուր մարդ կարող է 400 դրամ ներդրմամբ մեծ ծրագրի փոքր մասը կազմել»,-ասաց ծրագրի կամավորներից Գայանե Ավետիսյանը:
Այս տարի տպագրվել է 11 000 բացիկ, բացիկների ողջ տպաքանակն այս պահի դրությամբ տեղաբաշխված է: Ներկա պահի դրությամբ ծրագիրը 70%-ով իրականացված է:
Ջոկատի կամավորները բացիկի գնման ու ծրագրին միանալու առաջարկով դիմել են 21 հասարակական կազմակերպությունների, որոնցից դեռևս միայն 1 ՀԿ է արձագանքել և միացել ծրագրին, 40 դիմած դպրոցներից միացել է 20-ը, 5 բարեգործական հիմնադրամների են դիմել, այս պահի դրությամբ հիմնադրամներից և ոչ մեկը չի միացել, 36 առևտրային կազմակերպություններից միացել են 10-ը, իսկ Ազգային ժողովի 75 պատգամավորներին ուղարկած էլեկտրոնային նամակներից պաշտոնապես ոչ մի պատգամավոր դեռևս չի միացել:
Շատ կարևոր է նաև ընտանիքի ընտրության հարցը: Ամեն տարվա նման՝ այս տարի ևս Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպս. Աջապահյանի օրհնությամբ և օգնությամբ ծրագրի վերջնական փուլում իրականացվելու է ընտանիքի ընտրությունը՝ անօթևան ընտանիքներին տնայցեր ու կարիքների գնահատում իրականացնելու միջոցով: Կարևոր է, որպեսզի ընտանիքը 1988 թվականի երկրաշարժից հետո բնակարան ստացած և վաճառած չլինի, չլինի հաշվառված բնակարան ստանալու համար, լինի բազմազավակ, լիարժեք ընտանիք:
Հարակից հրապարակումներ`
- «1 բացիկ = 1 բնակարան» ծրագրի շնորհիվ Գյումրիում ևս մեկ անապահով ընտանիք բնակարան կունենա
- 1 բացիկ=1 բնակարան. Գյումրիում այս տարի մեկ ընտանիք էլ բնակարան կունենա այս ծրագրի շնորհիվ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան