ՍԱՊԾ-ն կաթնամթերք արտադրող մի քանի ընկերություններում կոպիտ խախտումներ է հայտնաբերել
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գնահատելով կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա ռիսկերը, նոյեմբերից սկսած՝ պետական վերահսկողություն է իրականացնում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 50 տնտեսավարող սուբյեկտների մոտ: Ծառայության կայքում հրապարակվել է դրանց ցանկը:
Ծառայությունից հայտնում են, արձանագրված անհամապատասխանությունների հիմքով կասեցվել է 20 տնտեսավարողների արտադրանքի իրացումը, իսկ առկա արտադրանքից կատարվել են նմուշառումներ՝ լաբորատոր փորձաքննություն իրականացնելու նպատակով:
Լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրվել են տարբեր բնույթի անհամապատասխանություններ, մասնավորապես՝ հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ (ոսկեգույն ստաֆիլակոկ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր), 4 տնտեսավարող սուբյեկտների արտադրանքում արձանագրվել է հակաբիոտիկների (տետրացիկլին, ստրեպտոմիցին և պենիցիլին խմբերի) անթույլատրելի քանակ, գրանցվել են նաև կաթնայուղի փոխարեն բուսական յուղի օգտագործման դեպքեր:
Կաթնամթերքի արտադրությանը ներկայացվող օրնսդրության պահանջների կոպիտ խախտումների, ինչպես նաև պատրաստի արտադրանքի լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա մի շարք տնտեսավարող սուբյեկտների (Ա/Ձ Անահիտ Զալինյան, Ա/Ձ Արտակ Մանվելյան, Ա/Ձ Սուրիկ Զարբաբյան, Ա/Ձ Գայանե Մարտիրոսյան, «Բանդիվան Կաթ» ՍՊԸ, Ա/Ձ Մուրադ Պետրոսյան, Ա/Ձ Գեղամ Մխիթարյան, Ա/Ձ Դիանա Ներսիսյան, Ա/Ձ Գագիկ Մանուկյան, Ա/Ձ Գարեգին Քոչինյան, Ա/Ձ Արտավազդ Գրիգորյան, Ա/Ձ Արմեն Սուքիասյան, «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ, Ա/Ձ Անդրանիկ Առաքելյան) հանձնարարվել է կասեցնել արտադրական գործընթացը և, առկա խախտումների վերացման նպատակով, ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր ճանաչված խմբաքանակները Ծառայության մասնագետների կողմից կասեցված են և, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա են օգտահանման կամ ոչնչացման:
Կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականացվող պետական վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ, Ծառայությունը հետևողական է լինելու ոլորտում առկա խնդիրների բացահայտմանը՝ հանրությանը պարբերաբար ներկայացնելով ստացված արդյունքները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան