Վանաձորում ճգնաժամային իրավիճակ չկա. Փոխնախարար
ԱԺ նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ նման նախագծով հանդես գալը պայմանավորված է Սահմանադրական փոփոխություններով, ինչպես նաև միջազգային մի շարք փաստաթղթերի հիմնադրույթներն ավելի լայն ներառելու մղումով: Նա նշեց, որ նախագիծը մշակել են բավականին հրապարակային և ընդգրկուն քննարկումների արդյունքում:
Փոխնախարարի ներկայացմամբ՝ տեղական ինքնակառավարմանը քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով մասնակցելու հնարավորություն են նախատեսում, ինչպես նաև հրապարակայնության ավելի մեծ ծավալ, մասնավորապես ինտերնետային կայքերի ներդրումը:
Նորամուծություն է՝ 10 հազար և ավելի բնակիչ ունեցող համայքներում ավագանու հրապարակային նիստերն առցանց կհեռարձակվեն համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում: Նախագծով առաջարկել են՝ գործող օրենքի 100 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավար ունենալու կարգավորման փոխարեն բոլոր բնակավայրերում վարչական ղեկավար ունենալու հնարավորությունը:
Նախագծի համաձայն, եթե քաղաքապետը վեց ամիս չի հրավիրում ավագանու նիստեր, ապա ավագանին իրավասու է քաղաքապետի անվստահության հարց դնել:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցով դիմեց փոխնախարարին, թե արդյո՞ք օրենքի նախագիծը գրելիս հաշվի առնվել է Վանաձորում ստեղծված իրավիճակը, որտեղ ավագանու նիստեր տեղի չեն ունենում, Վ. Տերտերյանն ասաց, որ օրենքը մշակելիս չեն առաջնորդվել կոնկրետ իրավիճակներից, փորձել են ընդհանուր լուծումներ տալ:
«Ճգնաժամային, անլուծելի իրավիճակ չկա, քաղաքական պրոցես է, իր հանգուցալուծումը կստանա: Չգիտեմ՝ ինչքան ժամանակ կտևի այդ հանգուցալուծումը: Կտևի այնքան, ինչքան իրավիճակը օրենսդրորեն կառավարելի կլինի: Դեռևս ժամանակ ունենք»,- ասաց փոխնախարարը:
Պատգամավոր Թևան Պողոսյանից հարցը վերաբերում է համայնքների մրցակցությանը. «Եթե օրենքը զգալի ազդեցություն չի թողնում մրցակցության դաշտի վրա, կարող է մի բան սխալ է արվել, քանի որ պատկերացնում էի, որ լուրջ մրցակցային դաշտի հնարավորություններ են ձևավորվելու, տեսլականները դառնալու են հետաքրքիր», Վ. Տերտերյանն ասաց, որ որոշակի աշխատանք իրականացնում են, մշակել են համայնքների զարգացման ծրագրերի մեթոդաբանություն, որը տրամարդվել է համայնքներին:
«Մեթոդական աշխատանք ենք տանում, որ համայնքները հետագայում իրենց ծրագրերում ավելի նախաձեռնողական լինեն»,- ասաց նա:
Պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ տեղական ինքնակառավարման ուժեղացումը Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է:
«Եթե հիմա գնում ենք, ինչպես դուք ասացիք, տեղական ինքնակառավարման ուժեղացման, բայց այն անգամ ասացիք, որ խոշորացման համար պետք է Ազգային ժողովում իմանան տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կարծիքը, այդ անորոշությունը հանելո՞ւ ենք, թե ոչ»,- հարցադրում արեց պատգամավորը:
Վ. Տերտերյանն ասաց. «Դուք ասում եք, որ պետք է խոշորացման մասով լինի հանրաքվե, ես ասում եմ, որ Ազգային ժողովի համար, որպես քաղաքական որոշում ընդունող մարմին, ոչ այնքան կարևոր է հանրաքվեի արդյունքը, քանի որ կոնցեպտը հետևյալն է՝ ԱԺ-ն է ընդունում որոշում վարչատարածքային բաժանման մասին: Եթե հիմա ԱԺ-ն պետք է ընդունի որոշում, ինչո՞ւ ենք անում հանրաքվե, որն ունի բացառիկ լեգիտիմություն: Այսինքն՝ եթե հանրաքվեով որոշում ենք ոչ, հետո ԱԺ-ով այո՞: Եթե հանրաքվով որոշում ենք այո՝ ինչո՞ւ ենք գալիս ԱԺ: Ես համոզված եմ, որ այդ իրավասությունը պետք է լինի Ազգային ժողովինն ու կառավարությանը, քանի որ կառավարչական խնդիրներ են»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան