Վարչապետ «Գազպրոմի» մասին հարցին՝ «Ես այդ գործարքին չեմ մասնակցել»
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Հայռուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարության 20 տոկոս մասնաբաժինը 300 միլիոն դոլար պարտքի դիմաց «Գազպրոմ» ընկերությանը զիջելու գործարքը ճիշտ և տրամաբանական է համարում: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին: Վերջինս նկատեց, որ վաճառքի գործարքի ժամանակ Կարեն Կարապետյանը «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդում էր:
«Գործարքը համարում եմ ճիշտ գործարք, քանի որ որևէ շահութաբաժին հայկական կողմը, ինչպես նաև «Գազպրոմ» ընկերությունն այսքան ժամանակ այս գործունեությունից չի վերցրել: Վճարել մի բանի դիմաց քո ակտիվներով, ես այստեղ որևիցե ոչ տրամաբանական լուծում չեմ գտնում, եթե մենք արտաքին պարտքը դրանով մաշացնում ենք: Երկրորդ՝ հնարավո՞ր էր այն պահին գազի գինն ավելի էժան լիներ՝ հնարավոր չէր: Բոլոր ժամանակահատվածների համար Հայաստանի համար գազի գինը եղել է նվազագույն հնարավորը Հայաստանում: Մի պահ կար, որ այս խոսակցություններն ակտիվ էին, կարելի էր հայտարարել աճուրդ կամ տենդեր, հայտարարել՝ ով է ուզում Հայաստանին գազ մատակարարել, մաքսիմալ բաց ու թափանցիկ անել: Եվ մենք վտանգ ունեինք, որ այն ռեգիոնալ գինը, որը կձևավորվեր մեր սահմանի վրա, կհուշեր «Գազպրոմ»-ին, որ զիջումը լիներ մինիմալ չափով: Չգիտեմ ինչքանով եք հավատում իմ խոսքին, որևէ պահ չի եղել, որ Հայաստանին գազ մատակարարվի տարածաշրջանում ոչ ամենաէժան գնով», - ասաց Կարեն Կարապետյանը:
Տ.Ուրիխանյանը պնդեց, թե «Հայռուսգազարդ»-ի կառավարության մասնաբաժինը «Գազպրոմ»-ին զիջելու գործարքի պահին վարչապետն աշխատել է «Գազպրոմ» ընկերությունում ու մասնակից է եղել այդ գործարքին, ինչին ի պատասխան վարչապետը նշեց. «Դուք իմ պատասխանը ուշադիր լսեք, ես «Գազպրոմ»-ում եղել եմ տնօրենների խորհրդի անդամ կամ կառավարման մենեջեր երեք կազմակերպությունում: Դրանցից ոչ մեկը Հայաստանի գազի ընկերության հետ որևէ հարաբերություն չուներ: Այդ պատճառով ես այդ գործարքին չեմ մասնակցել: Երկրորդ, գործարքը Հայաստանի համար համարում եմ տրամաբանական»: