Զախարովա. Մենք ամեն ինչ կանենք, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը լինի արդյունավետ
ՌԴ-ն պետքական համարո՞ւմ է Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այս հարցն ուղղել են ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ:
«Մենք երբեք չենք հրաժարվում նման հանդիպումներից, հարցն ուղղակի դրա համաձայնեցման մեջ է: Եթե այն համաձայնեցվի, ապա մենք, անկասկած, դրան կմասնակցենք ու կանենք առավելագույնը, որպեսզի հանդիպումը լինի կառուցողական և արդյունավետ»,-ի պատասխան հայտարարել է Զախարովան:
Նա նշել է, որ հանդիպման կողմերից յուրաքանչյուրն ունի իր գրաֆիկն ու օրակարգը, և եթե հանդիպումը կայանա, այն պետք է լինի լիարժեք, մասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները:
«Հիմա փորձագետները զբաղվում են այդ հարցով»,-ասել է նա:
Անդրադառնալով հարցին, որ Ֆրանսիան առաջարկել էր Համբուրգում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, Զախարովան ասել է՝ նման հանդիպման հնարավորության վերաբերյալ քննարկում եղել է:
«Եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա մենք տեղյակ կպահենք դրա մասին: Կրկնում եմ, այս պահին խոսքը վերաբերում է նման հանդիպման հնարավորության քննարկմանը»,-ասել է նա:
Հարցին, թե արդյոք Համբուրգում գտնվող Սերգեյ Լավրովը նախատեսում է հանդիպել Էլմար Մամեդյարովի հետ, Զախարովան պատասխանել է, որ նման հանդիպման մասին ինքը տեղեկություն չունի:
«Ինչպես գիտեք, մեծ գագաթաժողովների ժամանակ տեղի են ունենում մեծաթիվ շփումներ: Եթե ժամանակը ների ու անհրաժեշտություն լինի, նման շփումը բացառված չէ»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնել էին, որ դեկտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Համբուրգում կմասնակցի և ելույթ կունենա ԵԱՀԿ նախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի աշխատանքներին։ ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին