Որպես պաշտպանության նախարար՝ դեմ եմ այդ լուծմանը. Վիգեն Սարգսյան
Ազգային ժողովում այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքին՝ նշելով, որ օրենքի համաձայն՝ 27 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացիները գումար վճարելու դեպքում դուրս են գալիս հետախուզման ցուցակից: Մինչդեռ, ըստ նրա, արդեն երեք զինակոչ ՀՀ կառավարությունը ԱԺ չի ներկայացրել ժամկետները երկարաձգելու օրենքի նախագիծը:
«Մեծերից մեկն ասում էր՝ փողի վրա նստած փող եք ման գալիս: Ես արդեն որևէ անգամ ասում եմ՝ օրենքով փող վաստակելու ճանապարհը: Ինչո՞ւ չեք անում: Կամ էս օրենքը եկեք հանենք: Մենք կողմ ենք՝ հանեք, խնդիր չկա, բայց մարդիկ ասում են՝ դա օրենքի ուժ ունի և պետք է կիրառվի: Եթե կիրառվելու է, ապա պետք է կիրառել մինչև Նոր Տարի, որպեսզի ոչ միայն բյուջե գումարներ մուտքագրվեն, այլև հարյուրավոր մարդիկ կարողանան Ամանորն իրենց տանն անցկացնել»,- ասաց Արամ Մանուկյանը:
Արձագանքելով հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ որպես պաշտպանության նախարար կտրականապես դեմ է այդ լուծմանը՝ համարելով, որ սահմանված կարգով զինծառայությունը պետք է անցնել, այլ ոչ թե չանցնելու դիմաց գումար վճարել, բայց միևնույն ժամանակ հարգում է ԱԺ-ի կողմից ժամանակին ընդունված օրենքը:
«Այս պահին օրենքը ուժի մեջ և դա երկարացնում ենք, երբ ավարտվում է դրա կիրառման ժամկետը: Բոլոր դեպքերում մի քանի ամիս առաջ եղել է հերթական նիստը, որտեղ մարդկանց մի խումբ ստացել է տարկետում»,- ընդգծեց նախարարը:
Ըստ Վիգեն Սարգսյանի՝ այդ ծրագրից ստացված միջոցները հստակ և թափանցիկ երևում են, այդ վճարներից ստացված միջոցները շատ մեծ դրամական աջակցություն չեն կազմում ռազմական խնդիրները լուծելու համար:
Հարցին՝ շարունակելո՞ւ է գործել օրենքը, Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ հարցը կքննարկեն կառավարությունում, կզեկուցեն հանրապետության Նախագահին, և, եթե դադարել է օրենքի գործողությունը ու լինի համապատասխան քաղաքական որոշում, կներկայացնեն երկարացնելու միջնորդություն:
Վիգեն Սարգսյանը նաև պարզաբանեց, թե ինչո՞ւ է դեմ նման լուծմանը: «Իմ կարծիքով՝ դա որոշ առումով խթանում է այն մարդկանց մղումները, որոնք մտածում են երկրից դուրս գալ մինչև 27 տարին լրանալը, իրենց խնդիրները լուծել, իսկ հետո փողը վճարել և վերադառնալ երկիր: Ես չեմ կարող շատ մեծ ոգևորություն ապրել նման լուծման առկայության պարագայում: Ինչո՞ւ է ընդունվել նման օրենք, կան մարդիկ, որոնք փոքր տարիքից ապրել են արտերկրում, և որպեսզի նրանց համար չփակվի հայրենիք վերադառնալեու ճանապարհը, նման որոշում է կայացվել»,- ընդգծեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին