Արմեն Պետրոսյան․ «Երբ առաջարկում են մնալ որպես մարզիչ, ուրեմն գնահատում են»
«Գանձասար-Կապանի» 31-ամյա կիսապաշտպան Արմեն Պետրոսյանը, ով երեկ հայտարարել էր մարզական կարիերայի ավարտի մասին, արդեն նոր պաշտոն ունի: Նա ընդգրկվել է թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի մարզչական շտաբում: Տեղեկացնում է կապանյան թիմի լրատվության ծառայությունը:
«Ինձ առաջարկեցին անցնել մարզչական գործունեության։ Մի փոքր դժվար էր նման որոշում կայացնելը, բայց երբ դիտարկում ենք յուրաքանչյուր կողմից, ապա վերջը սա էր լինելու։ «Գանձասար-Կապանն» ինձ համար հարազատ թիմ է։ Այո, կարող էի շարունակել խաղալը, փառք Աստծո ոչ մի վնասվածք, ոչ մի խնդիր չունեի։ Ամբողջ կարիերայիս ընթացքում ոչ մի վնասվածք չեմ ստացել։ Ցանկացա հենց այդ մակարդակի վրա էլ ավարտել։ Մարզչական գործունեությունն ինձ շատ հարազատ եմ համարում։ Տա Աստված, որ ամեն ինչ ընթանա լավ հունով»։,- ասել է նա:
Պետրոսյանը նշել է, որ այս պահին այդքան էլ հստակ չի պատկերացնում իրավիճակի լրջությունը, սակայն և՛ ֆուտբոլում, և՛ կյանքում ձգտում է առավելագույնին:
«Երբ մարդիկ ինձ հետ հույսեր են կապում, ապա ես աշխատում եմ անել առավելագույնը՝ սպասելիքներն արդարացնելու համար։ Բնականաբար, այս աշխատանքը կունենա իր դժվարությունները, բայց կձգտեմ հաղթահարել դրանք: Երբ քեզ առաջարկում են մնալ թիմում, որպես մարզիչ, ապա նշանակում է, որ գնահատում են: Ես թիմակիցներիս հետ ընկեր եմ եղել, և այդ ընկերությունը շարունակվելու է»,- ասել է Պետրոսյանը: