Կարապետյան-Սենեկալ զույգը կփորձի կրկնել նախորդ տարվա հաջողությունը
Այսօր Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել է գեղասահքի «Golden Spin of Zagreb» միջազգային ներկայացուցչական ստուգատեսը, որտեղ տղամարդկանց մենասահքում Հայաստանը կներկայացնի 20-ամյա Սլավիկ Հայրապետյանը: Ըստ ներկայացրած նախնական հայտերի՝ այստեղ հանդես կգան 17 երկրի 26 մենասահորդներ:
Զագրեբում պարային զույգերի մրցմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 13 երկրի 21 մարզիկ: Այստեղ Հայաստանը կներկայացնեն Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ զույգը: Նրանք մրցանակային տեղ գրավելուց բացի կպայքարեն 2018 թ. աշխարհի և Եվրոպայի առաջնությունների և, իհարկե, ձմռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք տվող վարկանիշ ձեռք բերելու համար:
Հավելենք, որ վաղը՝ դեկտեմբերի 8-ին, տեղի կունենան սպորտային և պարային զույգերի, ապա մենասահորդների կարճ `պարտադիր ծրագրի կատարման մրցումները: Կարապետյան-Սենեկալ զույգը նախորդ տարի կայացած այս մրցաշարում արժանացել է բրոնզե մեդալի: