Ռանգնիկ. «Ռոնալդուն և Մեսսին ծեր են «Լայպցիգի» համար»
Գերմանական «Լայպցիգ» ֆուտբոլային թիմի մարզական տնօրեն Ռալֆ Ռանգնիկը չի սիրում թոշակառուներին: Նա հայտարարել է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներ Քրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին պետք չեն իր թիմին: Այս մասին տեղեկացնում է firstpost.com-ը:
«Անմտություն կլինի մտածել, որ Ռոնալդուն և Մեսսին կարող են հայտնվել «Լայպցիգում», քանի որ նրանք շատ ծեր են և շատ թանկարժեք են այս թիմի համար: Այս ակումբը Բունդեսլիգայում ամենաերիտասարդն ու ամենաանփորձն է:
Չգիտեմ, արդյո՞ք կարելի է հեղաշրջում համարել այն փաստը, որ թիմը, տարիներ շարունակ հանդես գալով 4-րդ դիվիզիոնում, ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայում 13 խաղից հետո վաստակել է 33 միավոր, բայց դա հաստատ անսովոր է: Ոչ ոք նման բան չէր սպասում»,- ասել է Ռանգնիկը:
Հավելենք, որ «Լայպցիգը» գլխավորում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ «Բավարիային» գերազանցելով 3 միավորով: Ռանգնիկն ակումբի մարզական տնօրեն է նշանակվել 2012 թ., երբ թիմը հանդես էր գալիս 4-րդ դիվիզիոնում: