Լեզվաբանի ամուսնու սպանության մեղադրյալները բանտում ևս օգտագործել են թմրանյութ ու հայտնվել այլ քրգործի թիրախում
Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Պետրոսյանի դաժան սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, և կողմերն այժմ ծանոթանում են գործի նյութերին: Այս գործով մեղադրյալները վեցն են՝ ԴԱՀԿ նախկին աշխատակից Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը և Հարություն Գրիգորյանը:
Նրանցից առաջին 5-ին առաջադրված մեղադրանքները ծանր են՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (առանձնակի դիտավորությամբ սպանություն՝ մի խումբ անձանց կողմից) և խուլիգանության հատկանիշներով: Կա ևս մեկ գործող անձ, որի ինքնությունը նախաքննական մարմինը դեռևս չի պարզել և այդ մասով կա անջատված քրեական գործ:
6-րդին՝ Հարություն Գրիգորյանին մեղադրանքն առաջադրվել է հանցագործության պարտակման համար, նա եղել է Խաչիկ Կոսյանի և Արթուր Զաքարյանի հետ:
Հիշեցնենք ՝դեպքը տեղի էր ունեցել հունիսի 4-ին, ժամը 23-00-ի սահմաններում, մի խումբ անձինք Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց բազմաթիվ հարվածներ են հասցրել Եղիշե Մանուկի Խաչատրյանի կենսական կարևոր օրգանի՝ գլխի, ինչպես նաև՝ կրծքավանդակի և որովայնի շրջաններում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և դիմել փախուստի:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, որը նաև Եղիշե Պետրոսյանի մոր՝ այս գործով տուժող ճանաչված Էմմա Աբրահամյանի ներկայացուցիչն է, տեղեկացրեց, որ տիկին Էմման ճանաչման քննչական գործողության ժամանակ ճանաչել է բոլոր մեղադրյալներին:
«Նույնիսկ դեպքի ժամանակ նա նրանց հետևից գոռացել է՝ միևնույնն է, ես ձեզ ճանաչելու եմ: Նա ի սկզբանե ասել է, որ 6 հոգի են հարվածել որդուն, իսկ մեքենայի մեջ, որը վթարային իրավիճակ է ստեղծել, եղել են 3 հոգի և մեկ աղջիկ: Պարզվեց, որ այդ մեքենան պատկանել է Յուրի Հակոբյանին, և նա նույնպես կալանավորվել է», -ասաց փաստաբանը: Աղջիկը, որը եղել է մեքենայում, Մարիամ Գրիգորյանն է, որն այժմ գործով ճանաչվել է որպես առանցքային վկա:
Անդրադառնալով մամուլում Յուրի Հակոբյանի հարազատների նամակներին, հարցազրույցներին, որոնցով փորձ են արել ապացուցել, որ Յուրի Հակոբյանը «ալիբի» է ունեցել և դեպքի վայրում չի գտնվել, փաստաբան Պետրոսյանն ասաց, որ գործի փաստական հանգամանքներով այլ բան է ապացուցվել:
«Մենք գործի նյութերին ծանոթանում ենք ու որևէ այլուրեքության մասին խոսք լինել չի կարող, որովհետև երբ տեսախցիկները վիվարոյի գրասենյակում նրան ֆիքսել է, դա եղել է 23:40-ից հետո, երբ ամեն ինչ վերջացած է եղել: Շտապօգնության կանչ արվել է 23:14-ին: Յուրի Հակոբյանը, մինչ այդ եղել է «Լիդո» ռեստորանային համալիրում՝ իր հարսանիքի հետ կապված հարցեր լուծելու համար, որտեղ հավաքված են եղել այս գործով անցնող բոլոր անձինք: 22:30-ից հետո Յուրի Հակոբյանին դրա տարածքում այլևս չեն տեսել: Երբ տեղի է ունեցել այդ սարսափելի դեպքը, այլուրեքության մասին խոսք լինել չի կարող», -ներկայացրեց փաստաբանը: Այսքանից հետո Հակոբյանը 23:30-ից հետո երևացել է «Վիվարո» գրասնեյակի տարածքում:
Այս գործով հատկանշականը դատատոքսիկաքիմիական փորձաքննության արդյունքներն են, որոնց համաձայն բոլոր վեց մեղադրյալները դեպքի պահին թմրանյութի ազդեցության տակ են եղել, թմրանյութ օգտագործողներ են:
«Նրանք ոչ միայն այդ պահին են եղել թմրանյութի ազդեցության տակ, այլ նրանք ընդհանրապես, թմրանյութ օգտագործողներ են: Ես ծանոթացել եմ գործի նյութերին, գաղտնալսումներին և գիտեմ՝ նրանք շարունակում են բերդում իրենց թմրանյութերի օգտագործումը: Եվ այդ թմրանյութերի պահանջարկի բավարարումը նրանց համար ավելի կարևոր է, քան զղջման որևէ խոսք», -իր հերթին հայտարարեց ասուլիսին ներկա լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը:
Ավելին, փաստաբանը տեղեկացրեց, որ մեղադրյալներին գաղտնալսել են, որպեսզի քրչեական գործով նոր տվյալներ ձեռք բերվեն, սակայն պարզվել է նոր հանցագործության՝ թմրանյութերի իրացման վերաբերյալ տվյալներ:
Եվ այդ պատճառով էլ քրեական գործ է առանձնացվել թմրանյութերի օգտագործման, իրացման մասով: «Բացի այն, որ նրանք թմրանյութ օգտագործողներ են, շարունակությունը եղել է այն, որ նոր բացված քրեական գործով հիմք ու առիթ է առաջ եկել, որ նրանք քրեակատարողական հիմնարկում էլ շարունակել են քմրանյութ օգտագործել», -լրացրեց Պետրոսյանը:
Տիկին Փառանձեմն ասաց, որ բոլոր հանցագործների մասնակցությունը ապացուցված է: Ասաց, թե ծանոթանալով գաղտնալսումներին, փորձել է հասկանալ, արդյոք զղջո՞ւմ են, միգուցե նրանց մեջ խի՞ղճ է արթնանում: Բայց նման բան չի տեսել: «Ես ուղղակի կարող եմ ասել՝ ես խղճում եմ այդ մարդկանց ծնողներին», -ասաց տիկին Մեյթիխանյանը:
Խոսելով գործով անցնող մեղադրյալների՝ դեպքին մասնակցության մասին, Մեյթիխանյանն ասաց, որ ամուսնու մոր պատմելով բոլորն էլ տարբեր ձև ծեծել են 58-ամյա ամուսնուն:
«Ծեծելով քշել հասցրել են «Ֆորդի» հետև, մեքենայի հետնամասը ամուսինս թիկունք է դարձրել ու պաշտպանվել է: Սկեսուրս զգացել է, ասում է, որ այդ երիտասարդները միայն խմած չէին, նրանք տարօրինակ ճիչեր էին արձակում, թռնում էին այս կողմ, այն կողմ ու հարվածում էին: Այդ ծեծի ընթացքում մոտեցել է երկրորդ եռյակը, և սկեսուրս, որը փորձել է քաշել Խաչիկ Կոսյանից, այդ աղջիկը՝ Մարիամը, ասել է՝ այ կնիկ, տղայիդ քաշի, քո տղան գիտի՞ ում է ծեծում, ում հետ է կռվում, ո՞նց է սրա տակից դուրս գալու: Բոլորը հարվածել են, բոլորը այնպիսի մի վիճակի մեջ են եղել, որ փորձել են ամշպացուցել իր տղամարդկությունը», -ներկայացրեց Մեյթիխանյանը:
Ընդհանուր առմամբ, տիկին Մեյթիխանյանն ու նրա ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը բավարարված են քննչական մարմնի կատարած քննությամբ և առաջադրված մեղադրանքով: Սպասում են դատական քննությանը:
«Հույս ունեմ դատարանը կկայացնի: Ինչ վճիռ էլ կայացնի դատարանը, ես կարող եմ ասել՝ իմ ընտանիքը, ցմահ, այդ վիշտը չի կարող մոռանալ», -նկատեց տիկին Փառանձեմը:
Հարակից հրապարակումներ`
- Փորձաքննությամբ պարզվել է, որ լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողները թմրամոլ են
- Լեզվաբանի ամուսնու սպանության գործով ձերբակալվել է 4-րդ կասկածյալը
- ՀՔԾ. Լեզվաբանի ամուսնու սպանության գործով ևս երկու անձ է կալանավորվել
- Լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողներից մեկը հարկադիր կատարող է
- Լեզվաբանի ամուսնու սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ, 2-ը հետախուզվում են
- Հայտնի լեզվաբանի ամուսնու դաժան սպանության կասկածյալը ձերբակալվել է