Վարչապետը վստահեցնում է, որ ընտրություններից հետո գազի գինը չի բարձրանա
Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետ Կարեն Կարապետյանին նախ հարցրեց, թե ինչու Կարեն Կարապետյանը Սահմանադրության 80 հոդվածի համաձայն ներկա չէր նախորդ հարց ու պատասխանին:
«Դա կարո՞ղ է նշանակել, որ երբ ընտրություն լինի ՀՀ սահմանադրության և Մոսկվայի միջև, դուք ընտրություն կկատարեք ի օգուտ Մոսկվայի»,- հարցրեց Փաշինյանը՝ հավելելով, որ սա նախահարցն էր:
Այնուհետև պատգամավորը շարունակեց՝ ասելով, որ ուրախալի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանում, գազի սակագինը նվազել է, բայց առջևում ընտրություններ են, իսկ Հայաստանը տխուր փորձ ունի՝ ընտրություններից հետո սակագները նորից բարձրանում են:
«Եթե ձեր հարազատ կուսակցության համար ընտրություններն ընթանան բարենպաստ սցենարով և Ձեր կառավարությունը շարունակի գործել, կարո՞ղ եք երաշխավորել, որ ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի և գազի սակագինը չի բարձրանա, կամ՝ այդ էժանացման համար ՀՀ-ն չի վճարի որևէ ռազմավարական շահով, օբյեկտով, հեռանկարով»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Կարեն Կարապետյանը նշեց, որ քանի որ սկզբում նախահարց էր, ուրեմն դա հարց չէր, իսկ հիմնական հարցին պատասխանեց. «Այո»:
Պատգամավորը խնդրեց հստակեցնել՝ ինչ է նշանակում այդ այո-ն: Կարեն Կարապետյանը նշեց, որ դա նշանակում է՝ ընտրություններից հետո գազի գինը չի բարձրանա, իսկ Հայաստանը նվազման դիմաց որևէ ռազմավարական օբյեկտով չի վճարի:
Փաշինյանը նաև հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետն է արել «Ամերիկանո» սուրճը «Ռուսիանոյի» վերանվանելու առաջարկությունը, սակայն վարչապետն ամբիոնից հեռացավ՝ անպատասխան թողնելով պատգամավորի հարցը: