Պատերազմի ավարտից հետո սիրիահայերի մի մասը կլինի կամուրջ հայրենիք-Հալեպ ճամփեքին. Սփյուռքի նախարար
«Հուսանք՝ լավ լուրերը կամբողջանան և Հալեպն ամբողջությամբ կազատագրվի, ու մերոնք կգտնեն իրենց խաղաղությունը Հալեպում», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը երբեք չի կարող ստիպել սիրիահայերին լքել Հալեպը, հաստատվել Հայաստանում։
«Մեր հիմնական խնդիրը մեկն է եղել՝ օգնել եթե Հայաստանում են, լուծել նրանց խնդիրները, եթե Սիրիայում են, հումանիտար բեռներով օգնություն տեղափոխել այնտեղ, որ կարողանան գոնե գոյատևումը քիչ, թե շատ ապահովել», -ասաց նախարարը։
Նա նկատեց, որ Հայաստանի կառավարությունը պարբերաբար գնահատում է կարիքները ու ըստ խնդրի առաջնահերթության, օգնություն տրամադրում սիրիահայերին։
«Պարզ է, որ նրանք շատ կարիքներ ունեն։ Պարզ է, որ նրանց կարիքներն ամբողջությամբ բավարարված չէ։ Նրանք Սիրիայում ապրում էին վիլլաներում, ապրում էին առանձնատներում, բոլորը կայացած մարդիկ էին։ Իսկ հիմա եկել են այստեղ ու սկսում են զրոյից, փորձում են ինչ-որ բան ստեղծել։ Մեկը արագ է ինտեգրվում, մեկը՝ դժվարությամբ։ Հյուսիսային Պողոտայում ապրող սիրիահայը նույնպես դժգոհ է։ Որովեհտև դուք պատկերացրեք՝ եթե այսօր նա ապրում է Հյուսիսային պողոտայում, ապա երեկ Սիրիայում ինչպիսի հարստություն է ունեցել։ Եվ նա իր ամբողջ ունեցվածքը թողել է ռումբերի տակ ու եկել է», -նկատեց նախարարը։
Պաշտոնյայի խոսքով, այժմ այս օրերին պետք է ուրախանալ, որ Հալեպը կամաց-կամաց ազատագրվում է։ Դրա համար, ըստ նախարարի, ուրախանում են նաև սիրիահայերը ու հոգեկան հանգստություն ապրում։
Հարցին, թե հնարավո՞ր է պատերազմի ավարտից հետո սիրիահայերը հետ գնան, ապրեն Հալեպում, Հակոբյանը պատասխանեց, որ նման բան հնարավոր է։
«Մի մասը կվերադառնա, որ իր ունեցվածքին տեր կանգնի, մի մասը կվերադառնա, որ վերականգնի, մյուս մասն էլ կլինի կամուրջ հայրենիք-Հալեպ ճամփեքին և այստեղ կաշխատացնեն իրենց բիզնեսը, և այնտեղ։ Այնպես որ իրենք մերն են ու երբեք Հայաստանից պոկվել չեն կարող», -հայտարարեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- «Նոր որակի զարդ էր». Հրանուշ Հակոբյանը սիրիահայ վարպետից մատանի է գնել
- Մեծ թվով հալեպահայեր երազում են վերադառնալ. Հրապարակախոսը՝ Հալեպից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան