Նոր գործիքակազմի կիրառման դեպքում գնումների ոլորտում կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը. Վարդան Այվազյան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը «Գնումների մասին» նախագծին տվել է դրական եզրակացություն, քանի որ նոր գործիքակազմի կիրառման դեպքում կրճատվելու են այն կոռուպցիոն ռիսկերն ու հնարավոր չարաշահումները, որոնք առկա են գնումների ոլորտում: Այս մասին այսօր խորհրդարանում «Գնումների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Անդրադառնալով Կենտրոնական բանկի կողմից գնումներին՝ պատգամավորն ասաց, որ պատգամավորների կողմից բարձրացված հարցերի մի մասը վերաբերում են ԿԲ-ի կողմից իրականացվող գնումների գործընթացին: «Եթե վերցնում ենք պետական ապարատը, ապա նույն ծախսերի առումով ԿԲ-ում աստղաբաշխական թվեր են»,- նշեց նաև՝ հավելելով, որ միայն արդյունավետ ծախսերի միջոցով կկարողանան գնումների գործընթացում հասնել լուրջ արդյունքների:
Նշենք, որ նախագծով նվազեցվում են գնումների կատարման ձևերը` գնման յոթ ձևի փոխարեն սահմանվում է չորս ձև, ինչը նպատակաուղղված է գնման ձևերի ընտրության պարզեցմանը: Ներդրվող գնման ձևերն են էլեկտրոնային աճուրդ, գնանշման հարցում, մրցույթ և գնումներ մեկ անձից: Էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը կհաստատի ՀՀ կառավարությունը, իսկ հայտերի ներկայացման համար մասնակիցներին կտրվի մինչև 70 մլն. դրամը չգերազանցող գնումների դեպքում առնվազն 7, իսկ գերազանցելու դեպքում` առնվազն 15 օրացուցային օր ժամանակ:
Գնանշման հարցման միջոցով իրականացվում են այն գնումները, որոնք ներառված չեն էլեկտրոնային աճուրդով կատարվող գնումների ցուցակում և դրանց գինը չի գերազանցում 70 մլն. դրամը: Հայտերի ներկայացման համար սահմանվում է առնվազն 4 աշխատանքային օր: Մրցույթի միջոցով իրականացվում են այն գնումները, որոնք ներառված չեն էլեկտրոնային աճուրդով կատարվող գնումների ցուցակում և դրանց գինը գերազանցում է 70 մլն. դրամը:
Հայտերի ներկայացման համար սահմանվում է քառասուն օրացուցային օր ժամանակ: Եթե առկա են չնախատեսված հանգամանքներ, ապա մասնակիցներին հայտերի ներկայացման համար տրվում է առնվազն 15 օրացուցային օր ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան