Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը պետք է սերտ կապ ունենա Այվազովսկու արվեստի հետ. Ս.Սմբատյան
Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնն ամփոփում ենք մեծ ոգևորությամբ, քանի որ ունենք շատ լավ ձեռքբերումներ: Ունեցել ենք բացառիկ կատարումներ, ծրագիր, շատ լավ արտիստներ եկան Հայաստան,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Նա նշեց, որ իրենք փառատոնի շրջանակում ներկայացնում են երաժշտության, արվեստի հանդեպ այն հետաքրքրությունները՝ կամերային, սիմֆոնիկ երաժշտություն, մանկական ծրագրեր, որոնք կարևոր են և կոլեկտիվի, և Հայաստանի մշակութային կյանքի համար. «Մենք կառուցում ենք մեր ծրագիրն այն հետաքրքրությունների շուրջ, որ ունի նվագախումբն ու ունկնդիրը: Կարևոր է, որ դահլիճները լինեն լեփ-լեցուն: Կարևոր է նաև ներկայացնել նոր երաժշտություն, նոր կոմպոզիտորների ստեղծագործություններ»:
Փառատոնի փակումը կայանալու է դեկտեմբերի 10-ին, ելույթ է ունենալու հայտնի ջութակահար Հայկ Կազազյանը:
Ս. Սմբատյանը խոսելով արդեն հաջորդ տարվա փառատոնի մասին՝ ասաց, քանի որ լրանում է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը, փառատոնը պետք է սերտ կապ ունենա մեծանուն ծովանկարչի արվեստի հետ. «Դժվար կլինի, բայց պետք է կարողանանք մարդկանց ներկայացնել արվեստի մեծերին, արժեքներ, որոնք մենք ունենք»:
Նա կարևորեց նաև փառատոնի ընթացքում վարպետության դասերի անցկացումը: Ս. Սմբատյանը նշեց, որ փառատոնն իր քաղաքականությամբ նպաստում է, որպեսզի դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը մեծանա:
Ինչ վերաբերում է համահայկական նվագախումբ ստեղծելուն, որի գաղափարը հենց Ս. Սմբատյանինն է, նա նշեց, որ մեծ ոգևորություն է, սակայն պետք է ընտրել ազնիվ ձևաչափ:
«Եթե համահայկական նվագախումբը համալրվի միայն այն երաժիշտներով, ովքեր Հայաստանը լքել են բարդ տարիների ընթացքում, նվագախմբի առաքելությանը չի նպաստի: Պետք է կազմում ընդգրկվեն աշխարհի տարբեր երկրներում կայացած հայ երաժիշտներ: Պետք է ստեղծենք այն արժեքը, որով աշխարհին ցույց տանք, որ կարող ենք լինել միասին: Երաժշտությունն իր շուրջ է հավաքում տարբեր սերունդների, տարբեր մայրցամաքներում ապրող, տարբեր գաղափարախոսության տեր մարդկանց»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան