Հայկական երեք ֆիլմ՝ «Ոսկե գլոբուս» -ի հավակնորդների ցանկում
Հայաստանից երերք ֆիլմ հավակնում է արժանանալ «Ոսկե գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում մրցանակի: Մրցանակաբաշխության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մրցանակի հավակնող ֆիլմերը երեքն են` Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը», Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, սառը ձմեռը», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը»:
Այս անվանակարգում ներկայացված է տասնյակ ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, նորմինացվելու է 5-ը, որից մեկն էլ արժանանալու է «Ոսկե գլոբուս» -ի:
«Ոսկե Գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017 թ. հունվարի 8-ին:
«Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում՝ 5 երկրների համատեղ արտադրությամբ։ Ֆիլմը ստեղծվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով տարհանված հայկական գյուղում Աբգարը միայնակ է մնում թշնամու աստիճանաբար նեղացող օղակի մեջ: Նա սպասում է իր աղջկան, որը տեսել է, թե ինչպես է կատաղած ամբոխը սպանում ամուսնուն, և հոգեկան խանգարումով հոսպիտալացվել: Իբրահիմ անունով մի ադրբեջանցի խոստանում է գտնել ու վերադարձնել Աբգարի աղջկան՝ փոխարենը նրան առաջարկելով աշխատել մզկիթի շինարարության վրա: Մի քանի օր անց Իբրահիմը Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում է Յուրգա անունով աղջկան և վերադարձնում Աբգարին:
Սպիտակի երկրաշարժի մասին պատմող Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի պրեդյուսերն է «Մարս մեդիա» կինոընկերության նախագահ Ռուբեն Դիշդիշյանը: Ֆիլմի սցենարի հեղինակներն են Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին, Արսեն Դանիելյանը: Ֆիլմը պատմում է 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասի: Կինոնկարի գործողությունները ծավալվում են Լենինականում: Գլխավոր հերոսները` 28-ամյա հայ Ռոբերտ Մելքոնյանն ու 50-ամյա ռուս Անդրեյ Բերեժնոյն են:
Դավիթ Սաֆարյանի «28:94 Տեղական ժամանակով» խաղարկային ֆիլմը պատմում է մի կնոջ և տղամարդու մասին, ովքեր էլեկտրաէներգիայի ճգնաժամի պատճառով գրեթե աբսուրդ իրավիճակներում են հայտնվել: Սա նրանց պատմության, հուշերի, երևականության և երազների մասին է: Ֆիլմի սցենարի հեղինակներն են Դավիթ Սաֆարյանը և Յանա Դրուզը: Ֆիլմում նկարահանվել են՝ Յանա Դրուզը, Աշոտ Ադամյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը, Հարություն Մովսիսյանը, Հրաչյա Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» առաջադրված է 74-րդ «Ոսկե Գլոբուս»-ին
- Ինչ է ուզում ասել «Երկրաշարժ» ֆիլմը
- «Երկրաշարժը» չի ընդգրկվել «Օսկար»-ի երկար ցանկում, քանի որ չի դիտարկվել որպես հայկական ֆիլմ. Գևորգ Գևորգյան
- «Ոսկե ծիրան». «Վերջին բնակիչի» իրական պատմության, աղջկան փրկելու ու մարդ մնալու մասին
- «Ոսկե ծիրան». «Երբ ապրելու պայմաններն անմարդկային են, մարդուն շատ դժվար է պահպանել իր մարդկային դեմքը»