Դուք հաճույք ինչի՞ց եք ստանում. Վարչապետը՝ Դավիթ Լոքյանին
Գործադիրի այսօրվա նիստում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց 2017-2036 թվականների կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին հարցը:
Նախարարը երկար ներկայացրեց նախագիծը, այնուհետև մի պահ ընդհատեց զեկույցն ու վարչապետին հարցրեց՝ «Շարունակե՞մ, պարոն վարչապետ»:
Կարեն Կարապետյանը նախարարին հարցով պատասխանեց. «Դուք հաճույք ինչի՞ց եք ստանում»:
«Շարունակելուց»,- ասաց Դավիթ Լոքյանը:
«Դե էդ արեք»,- նշեց վարչապետը, ինչն առաջացրեց ներկաների ծիծաղը:
Դրանից հետո, երբ սկսեց իր ոլորտի հարցերը զեկուցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, վարչապետը դիմեց նրան. «Պարոն Կարայան, հաշվի առնելով ժամանակը՝ կողմնորոշվեք, ինչից եք հաճույք ստանալու»: Կարայանը արձագանքեց. «Կարճ ներկայացնելուց»:
Հիշեցնենք, որ նիստի սկզբում Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին առաջարկել էր լակոնիկ լինել, քանի որ Ազգային ժողովում պետք է տեղի ունենա բյուջեի քվեարկությունը: