Կազմվել է Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման նախագիծը
Ավարտին են հասցվել Շուշի քաղաքի Վերին Մզկիթի վերականգնման նախագծային աշխատանքները, որոնք իրականացվում էին իրանցի մասնագետների կողմից՝ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության պատվերով:
Նախարարություն մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այդ կապակցությամբ դեկտեմբերի 7-ին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության և պարսկական ընկերության միջև ստորագրվել է աշխատանքների հանձնման-ընդունման ակտ, ըստ որի Շուշի քաղաքի Վերին Մզկիթի վերականգնման նախագծային փաստաթղթերը ամբողջական տեսքով հանձնվել են ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությանը:
ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ Շուշիի Վերին Մզկիթի վերականգնումը կարևոր նշանակություն ունի Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության առումով, քանի որ ԼՂՀ տարածքում գտնվող ցանկացած պատմամշակութային հուշարձան, անկախ կրոնական կամ մշակութային պատկանելիությունից, Արցախի ժողովրդի պատմական սեփականությունն է հանդիսանում:
Պարսկական մզկիթի վերականգնման նախագծային աշխատանքները, ըստ արցախյան մասնագետների, կատարվել են լիարժեքորեն և համապատասխանում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման բոլոր նորմերին:
Ս. Շահվերդյանի խոսքով, մզկիթի վերականգնման նախագծի կազմման համար իրանական ընկերության ընտրությունը պատահական չէր, հաշվի առնելով մզկիթի կապը Իրանի մշակույթի ու պատմության հետ:
Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման նախագիծը կազմվել է ՀՀ-ում գործող «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի միջոցներով՝ ԼՂՀ կառավարության հետ համագործակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին