Քննարկվելու է Սևյանի անվան մշակութային պալատի վերակառուցման հարցը
Նախօրեին 1988-ի երկրաշարժի տարելիցի առթիվ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` Շիրակի մարզ՝ Գյումրի քաղաք կատարած այցի շրջանակում տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ընթացքում ի թիվս բազմաթիվ թեմաների անդրադարձ է եղել նաև Գյումրիի Սևյանի անվան երկաթուղայինների մշակույթի պալատի վերականգնման ու վերակառուցման խնդրին:
Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի հաղորդմամբ, քանի որ այս հարցը նախկինում եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարության ուշադրության կենտրոնում, ուստի ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը խորհրդակցությունից հետո այցելել է խնդրո առարկա հուշարձան-շենքի տարածք և հանձնարարել քաղաքաշինության պետական կոմիտեի Շիրակի տարածքային տեսչության պետին՝ առկա ուսումնասիրության արդյունքները վեր հանել՝ առաջիկայում քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի մոտ քննարկում կազմակերպելու, ապա՝ խնդիրը ՀՀ վարչապետին ներկայացնելու համար:
Լենինականում Երկաթուղայինների մշակույթի պալատի շենքը կառուցվել է 1926-ին և սկսել գործել 3 տարի անց` 1929-ից: asparez.am-ը գրում է, որ բացառիկ ոճով, ինքնատիպ ու ներքին հարդարմամբ այս շինությունը 1988-ի երկրաշարժից հետո աստիճանաբար դարձել է կիսավեր ու աղբով լցված կառույց, նաև պետության կողմից անուշադրության ու անտարբերության մատնվեց. «2014-ի տարեվերջին միայն Երկաթուղայինների մշակույթի պալատի շենքը, Գյումրու ավագանու որոշմամբ, դարձավ համայնքային սեփականություն: Մինչ այս, շենքի վերականգնման տարբեր ծրագրեր էր կազմում կառավարությունը և դրանք, սովորույթի համաձայն, թողնում միայն թղթին: Ինչպես արդեն պարզ է, համայնքի սեփականություն դառնալուց հետո մշակույթի այս երբմենի խոշոր կենտրոնի վերականգնման վերաբերյալ եւս ծրագրեր են մշակվում, սակայն ֆինանսների բացակայության պատճառով կրկին ձգձգվում են վերականգնման աշխատանքները»: