Հաշմանդամ չճանաչված, բայց բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիների համար հաջորդ տարվանից նոր կարգ կգործի
Փորձաքննության ժամանակ հաշմանդամ չճանաչված, բայց բուժօգնության կարիք ունեցող անձինք հաջորդ տարվանից անվճար բուժօգնության իրավունք կստանան: Այսօր լրագրողների հետ հադիպմանը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը՝ նշելով, որ կառավարությունը նախաձեռնել է փոխել գործող կարգը:
«Շատ հաճախ հաշմանդամության կարգ ստացողների և չստացողների միջև սահմանը շատ փոքր է լինում, հետևաբար մենք այստեղ գործ ենք ունենում խնդրի հետ: Մինչև հիմա նրանք, ովքեր դիմում էին և հաշմանդամ չէին ճանաչվում, ոչ մի խնդիր նրանց համար պետությունը չէր լուծում: Նոր կարգի համաձայն` ովքեր հաշմանդամ չեն ճանաչվի, կգնահատվեն նրանց իրական կարիքները, և ըստ դրանց` նրանք կստանան այն ամենն, ինչի կարիքն ունեն՝ բուժօգնության կամ զբաղվածության տեսքով: Այսինքն՝ կստանան գոնե պետպատվերով բուժօգնության իրավունք, ինչի շնորհիվ նրանց հիվանդությունը չի ծանրանա, որպեսզի հետագայում հաշմանդամ չդառնան»,- մանրամասնեց Սողոյանը:
Նա խոսքով՝ նոր կարգով կուսումնասիրվեն 2011 թվականից առաջին փորձաքննությամբ հաշմանդամ չճանաչված բոլոր դիմողները:
Սողոյանը ևս մեկ փոփոխություն ներկայացրեց, ըստ որի, քաղաքացին կարող է բժշկասոցիալական փորձաքննության ներկայանալ իր նախընտրած բժիշկ-մասնագետի հետ, ինչի իրավունքը գործող կարգով փորձաքննվողները չունեին. «Հենց այս արգելքն էլ շատ հաճախ ընկալվում էր իբրև չարաշահումների հնարավոր ռիսկ: Իսկ եթե հանձնաժողովը քաղաքացուն հաշմանդամ չէր ճանաչում, քաղաքացու մոտ կասկած էր առաջանում, որ իր նկատմամբ անարդար որոշում է կայացվել»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետը տեղեկացրեց, որ հաշմանդամների հաշվառման համապետական շտեմարանում դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված է 204,770 հաշմանդամ, որոնցից 8,147-ը երեխաներ են:
Հաշմանդամ ճանաչվածների կառուցվածքն ըստ հիմնական հինգ հիվանդությունների կազմում են` սրտանոթային (31,5 %), հոգեկան հիվանդությունները (10,9 %), նորագոյացությունները (8,3%), նյարդային համակարգի (8,1%) և էնդոկրին հիվանդությունները (7,6%): Ընդհանուր փորձաքննությունների թվաքանակը կազմել է 66,009 անձ, որից հաշմանդամություն է ստացել 62,670 անձ:
Սողոյանը հավելեց նաև, որ 2015-16 թվականներին հայտնաբերված չարաշահումների արդյունքում հանձնաժողովների 3 նախագահներ ազատվել են աշխատանքից, 4 բժշկի հայտարարվել է նկատողություն: