«ԼՂՀ հակամարտությունը և «անջատում հանուն փրկության» սկզբունքը» խորագրով ֆորումից
ԼՂՀ հակամարտությունը «Հայ ազգային կոնգրեսի» առաջնահերթություններից մեկն է: Այսօր ՀԱԿ կազմակերպած «ԼՂՀ հակամարտությունը և «անջատում հանուն փրկության» սկզբունքը» խորագրով ֆորում-քննարկման ժամանակ այս մասին նշեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Անդրադառնալով քննարկման հիմքում ընկած սկզբունքի ի հայտ գալուն՝ Լևոն Զուրաբյանը ասաց, որ այն ըստ էության, առաջին անգամ երևան է բերվել 1996 թվականին կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում:
«Այն ժամանակ Հայաստանի վրա լուրջ ճնշում էր գործադրվում ճանաչել ԼՂ հարցի լուծման այն տարբերակը, որի պարագայում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է ստանար ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ»,-նշեց Զուրաբյանը, հավելելով, որ Հայաստանն՝ ի դեմս Տեր-Պետրոսյանի, մերժել է դա:
Ապա Լևոն Զուրաբյանը մեջբերեց Տեր-Պետրոսյանի ելույթից մի հատված, մասնավորապես այն միտքը, որ վերոհիշյալ ծրագրի իրագործման դեպքում Լեռնային Ղարաբաղաի բնակչության նկատմամբ մշտապես կախված կլինի տեղահանման վտանգ, և որ Բաքվի, Սումգայիթի և Արցախի 24 գյուղերի նկատմամբ իրագործված գործողությունները վկայում են այն մասին, որ հայկակակ կողմի համար միակ ընդունելի լուծումը Ադրբեջանի կազմից դուրս ինքնորոշումն է:
«Այդ ելույթում Տեր-Պետրոսյանը չկիրառեց «անջատում հանուն փրկության» սկզբունքը, սակայն նրա խոսքերը հենց դա էին նշանակում»,-ասաց Զուրաբյանը:
Բանախոսը շեշտեց, որ արցախյան հիմնախնդիրը ՀԱԿ-ի համար կարևոր, եթե ոչ կարոևրագույն հիմնախնդիրն է, մանրամասնելով, որ ՀԱԿ-ի՝ որպես քաղաքական ուժ ստեղծումն հիմքում հենց եղել է ղարաբաղյան հիմնահարցը:
Սակայն, Զուրաբյանի խոսքով, հարցի լուծման էությունը ընկալելու համար նախևառաջ պետք է հասկանալ, որ հիմնահարցի լուծման հիմքում ընկած կարևրագույն հարցերը կապված են միջազգային իրավունքի սկզբունքների հետ, մասնավորապես, այստեղ ի հայտ է գալիս տարածքային ամբողջականության և ինքորաշման իրավունքի սկզբունքների միջև առկա հակասությունը:
Ըստ Զուրաբյանի՝ հենց այս պարագայում կարևորագույն նշանակություն է ստանում «անջատում հանուն փրկության» սկզբունքը:
Նա ավելացրեց, որ միջաջազգային փորձագիտական շրջանակներում այն առաջին անգամ արձանագրվել է «Միջազգային ճգնաժամային խմբի» 2005 թվականին պատրաստած զեկույցում, որի ստեղծմանը որպես փորձագետ նա մասնակցել է: