Նման իրավիճակում հանդիպումը որևէ առաջընթաց չի արձանագրի. Վ. Բաղդասարյան
«Մենք բազմիցս պնդում ենք, որ Վիեննայոմ, Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին կողմերը պետք է հոգեհարազատ լինեն: Հայաստանն այդ պայմանավորվածությունները պաշտպանում է, որևէ շեղում հայկական կողմից չկա: Այդ պայմանավորվածությունները պետք է կատարել ու նոր գնալ առաջ»,- Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների նախօրեի հայտարարության մասին, մասնավորապես այն կոչի, որ առաջարկները պետք է իրականցվեն կարգավորման շուրջ բանակցությունների անմիջապես վերսկսմանը զուգահեռ:
Պատգամավորի խոսքով՝ եթե որևէ քայլ չի կատարվում, որևէ փաստ չի արձանագրվում, ի՞նչ է նշանակում զուգահեռ. «Մենք պետք է փաստ տեսնենք, որ կա ձգտում, կամք այդ ամենը կատարելու համար»:
Վ. Բաղդասարյանն ասաց, որ հայկական կողմը հորդորել է Մինսկի խմբին, որ տա ճիշտ, հասցեական գնահատական, թե ում պատճառով չի կատարվում պայմանավորվածությունները:
«Իսկ թե ինչո՞ւ չկա հասցեականություն: Մենք այդ հարցն ուղղել ենք բազմիցս, բայց վերջնական պատասխան չենք ստացել»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը:
Հարցին, թե արդյո՞ք հայկական կողմը նման իրավիճակում պատրաստ է հանդիպման ադրբեջանական կողմից հետ, Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ իր կարծիքով այդ հանդիպումը որևէ առաջընթաց, արդյունք չի արձանագրի:
Նա նաև նշեց, որ հայկական կողմը որևէ անգամ չի հայտարարել պատերազմի անհնարինության մասին. «Մենք միշտ պատրաստ ենք պատերազմի, քանի որ մեր թշնամին անկանխատեսելի է: Չեմ կարծում, որ Ադրբեջանը պատրաստ է լայնամաստաբ պատերազմի, բայց այսօրվա վիճակը ձեռք չի տալիս ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմերին:
Մենք ունենք մեկ առաջնահերթ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը»,- ասաց Վ. Բաղդասարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան