Ծաղիկ Վարդանյան. Հանրապետության գլխավոր մասնագետի մոտ գնալու փոխարեն պետք է նախ պոլիկլինիկա գնալ
«Ունքը սարքելու փոխարեն աչքը հանեցին». Հայտնի ասացվածքն այսօր արդիական է շատ քաղաքացիների համար, ովքեր մի օրգանի ցավը չեն կարողանում ամիսներով բուժել:
Ծանոթների, բարեկամների, գովազդների խորհուրդ տված լավ բժիշկներից, գլխավոր մասնագետներից, բազմապիսի հետազոտություններից ու տեսակ-տեսակ դեղամիջոցներից հոգնած ու դրանց արանքում խճճված քաղաքացիներին Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը խորհուրդ է տալիս հայտնի բժշկական կենտրոններ գնալուց առաջ նախ այցելել առողջության պահպանման առաջնային օղակ՝ պոլիկլինիկա:
«Մարդիկ ասում են, մեջքս ցավում է, մի հատ լավ նյարդաբան կամ ուռոլոգ ասեք: Այդ մոտեցումը ճիշտ չէ»,-Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց նախարարության պաշտոնյան:
Հայաստանում ամբուլատոր ծառայությունների տրամադրումն իրականացվում է տեղամասային սկզբունքով: Երևանի գրեթե բոլոր պոլիկլինիկանները բժիշկ թերապևտից բացի ունեն նաև նեղ մասնագետներ, ինչը ցավոք, չի կարելի ասել մարզերի առաջնային օղակների մասին: Մարզերում նեղ մասնագետների որոշ գործառույթներ դրված է ընտանեկան բժիշկների վրա:
Շատ դեպքերում մարդիկ իրենք են ախտորոշում հիվանդությունը, ընտրում են նեղ մասնագետին ու բժշկական կենտրոնների արտահիվանդանոցային բաժինները:
«Առաջին բանը որ մենք խորհուրդ ենք տալիս առողջության վերաբերյալ գանգատ ունեցող քաղաքացուն այն է, որ այցելի իր ընտրած բժշկին: Մարդու գանգատի, ախտորոշման հիման վրա բժիշկը կկազմի ծրագիր, քայլերի քարտեզագրում կիրականացվի: Ամենագրագետ քայլը սա է, հակառակ դեպքում ստացվում է արատավոր մի օղակ, երբ մի բժիշկը մյուսի մոտ է ուղարկում, նոր հետազոտության անցակցում պահանջում»,-ասաց Ծաղիկ Վարդանյանը:
Հայաստանցիներից շատերն այս ճանապարհը չեն ընտրում՝ հիմնավորելով պոլիկլինիկաններում աշխատող բժիշկները վստահություն չեն ներշնչում, եղած սարքավորումները հին են, լաբորատորիայում սովետի ժամանակներ են, շենքային պայմանները վատ են…
Վարչության պետն ընդունում ու հիմնավոր է համարում քաղաքացիների դժգոհությունները:
«Առաջնային օղակում մենք խնդիր ենք դրել, որ ընդհանուր մասնագետն իր մոտ հավաքի պացիենտի հիվանդության վերաբերյալ բոլոր նեղ մասնագետների կարծիքները, կոնսուլտացիաները, համադրի և «հաշվի նստի» դրանց հետ, հետագայում անհրաժեշտության պարագայում նաև խորհրդակցի նեղ կամ գլխավոր մասնագետի հետ: Երևանում գրեթե բոլոր պոլիկլինիկաներում կան նեղ մասնագետներ, ինչն էլ, ի դեպ խանգարեց ընտանեկան բժշկի ինստիտուտի կայացմանը»,-ասաց վարչության պետը:
Հիվանդը, ով չի գնացել այս ճանապարհով, ըստ Վարդանյանի, ողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա:
Մենք թերևս պատասխանատվության մի մասն էլ դնենք այն բժիշկների վրա, ովքեր սկսում են բուժումը՝ հասկանալով, որ հիվանդը իրենցը չի: Եթե չհասկանալով՝ ավելի վատ:
«Շատ հաճախ ստացվում է մի վիճակ, երբ հիվանդ քաղաքացին ամբողջությամբ խճճվում է, չի հասկանում՝ հիվա՞նդ է, թե՞ ոչ: Ի՞նչ խնդիր կա իր մոտ: Քիթ-կոկորդն ուրիշ բան է ասել, նյարդաբանը՝ լրիվ այլ բան»,-նկարագրեց Panorama.am-ի զրուցակիցը:
Համակողմանի հետազոտություն անցնելու, դրա հիման վրա արված ճիշտ ախտորոշում, ճիշտ բուժում, շարունակական հսկողություն ունենալու համար Վարդանյանը խորհուրդ է տալիս գնալ իր կողմից ներկայացված ճանապարհով՝ սկզբից դիմելով առաջնային օղակի ընդհանուր պրոֆիլի բժշկին:
Նախարարության ձեռքի տակ եղած վերջին տվյալներով 200 հազար մարդ գրանցված չէ առողջության պահպանման առաջնային օղակներից որևէ մեկում:
Պոլիկլինիկաներում մարդկանց ընդհանուր բազա է ստեղծվել, գրանցման, մի պոլիկլինիկայից մյուսը տեղափոխվելու հարցերը հեշտացվել են բյուրոկրատական քաշքշուկներից խուսափելու համար:
«Այո, մենք ունենք քաղաքացիների հետ ակտիվ աշխատելու խնդիր: Հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին 200 հազար թիվը կպակասի: Բայց այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ առաջնային օղակում բարեփոխելու շատ հարցեր կան»,-ասաց նա:
Նախարարության մասնագետը վկայակոչեց միջազգային պրակտիկան, երբ զարգացած պետությունները շեշտը դնում են հիվանդությունների կանխարգելման վրա, որպեսզի բանը չհասնի մեծ ծախսեր պահանջող բուժումներին: Օրինակ, տարածված ոչ վարակիչ հիվանդությունները կարելի է կանխել առողջ ապրելակերպի միջոցով՝ զբաղվել սպորտով, ծխախոտն ու ալկոհոլը չչարաշահել, խոլեստերինը վերահսկել:
«Օրինակ, սրտի ստենտավորումը թանկ է, մենք պետք է հասնենք այն բանին, որ խնդիրը դրան չհասնի: Ամբողջ աշխարհը կրկնում է, որ 80 տոկոսով կարելի է կնախարգելել ոչ վարակիչ հիվանդությունները: Նույնը կարելի է ասել վարակիչ հիվանդությունների մասին, օրինակ արտասահմանում վարակիչ հիվանդ ունեցող ընտանիքներին մեկուսացնում են, տնային պայմաններում բուժում, վարակը հիվանդանոցներ չի հասնում: Իսկ մենք հակառակն ենք անում, վարակը մտցնում ենք հիվանդանոց ու սկսում մյուսներին վարակել»,-ասաց նա:
Առաջնային օղակներում փոփոխությունների կայացման որոշումների նախագծեր են մշակվում: Քննարկումներն ընթացքում են: Նախարարության պաշտոնյան հույս ունի, որ շուտով պոլիկլինիկաների արդիականացում կլինի:
«Քանի դեռ մեր երկրում նախընտրում են հիվանդանոցն ու հիվանդանոցային խորհրդատվությունը, հավատացեք, մենք առողջապահական ցուցանիշների լուրջ բարելավում չենք ունենա: Խոսքը վերաբերում է, ոչ թե մարդկանց պոլիկլինիկա գնալ պարտադրելուն, այլ գործիքակազմը փոխելուն, որպեսզի օղակն իսկապես դառնա առաջնային: Այդ դեպքում այս օղակում շատ բան կսահմանափակվի, հիվանդանոցին չի հասնի»,-ասաց Ծ. Վարդանյանը: