Աշխարհի երեխաների մոտ մեկ քառորդն ապրում է հակամարտության մեջ գտնվող կամ աղետի ենթարկված երկրներում. ՅՈւՆԻՍԵՖ
Ըստ գնահատականների, մոտ 535 միլիոն երեխա, մոտավորապես յուրաքանչյուր չորսից մեկը, բնակվում է հակամարտության կամ աղետի ազդեցությունը կրող երկրներում՝ հաճախ զրկված լինելով բժշկական օգնությունից, որակյալ կրթությունից, պատշաճ սնուցումից և պաշտպանությունից օգտվելու հնարավորությունից:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ Աֆրիկայի Ենթասահարայի հատվածում է բնակվում արտակարգ իրավիճակների ազդեցությունը կրող երկրներում ապրող երեխաների գլոբալ քանակի մոտ երեք քառորդը՝ 393 միլիոն երեխա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս նոր տվյալները հրապարակվել են 2016 թվականի դեկտեմբերի 11-ին ընդառաջ, այն ժամանակ, երբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշում էր աշխարհի ամենադժվարին հատվածներում իր անդադար ու հետևողական աշխատանքի 70 տարին՝ բերելու կյանքեր փրկող օգնություն, երկարաժամկետ աջակցություն և հույս այն երեխաներին, որոնց կյանքն ու ապագան վտանգված են հակամարտությունների, ճգնաժամերի, աղքատության, անհավասարության և խտրականության պատճառով։
Հակամարտությունների, բնական աղետների և կլիմայի փոփոխության ներգործությունը երեխաներին ստիպում է լքել իրենց տերը՝ նրանց թողնելով հակամարտության գծի հետևում, ծուղակի մեջ, և նրանց ենթարկելով հիվանդությունների, բռնության ու շահագործման ենթարկվելու վտանգի տակ։
° Մոտ 50 միլիոն երեխա արմատախիլ է արվել իր հայրենի հողից. նրանց ավելի քան կեսը լքել է իր տունը հակամարտությունների հետևանքով։
° Սիրիայի ողջ տարածքում բռնության ուժգնացմանը զուգընթաց, պակաս քան մեկ տարում պաշարման մեջ գտնվող երեխաների քանակը կրկնապատկվել է։ Այսօր մոտ 500,000 երեխա ապրում է երկրի տարբեր մասերում գտնվող 16 պաշարված տարածքներում՝ գրեթե լիովին կտրված լինելով շարունակվող մարդասիրական օգնությունից ու կենսական ծառայություններից։
° Հյուսիսարևելյան Նիգերիայում մոտ 18 միլիոն մարդ տեղահանված է. նրանից գրեթե 1 միլիոնը երեխաներ են։
° Աֆղանստանում տարրական դպրոցի տարիքի երեխաների գրեթե կեսը չի հաճախում դպրոց։
° Եմենում մոտ 10 միլիոն երեխա կրում է հակամարտության ազդեցությունը։
° Հարավային Սուդանում տարրական դպրոցի տարիքի երեխաների 59 տոկոսը չի հաճախում դպրոց, և հակամարտության ծավալման տարածքներում յուրաքանչյուր 3 դպրոցից մեկը փակված է։
° Այն բանից հետո, երբ «Մեթյու» փոթորիկն ավելի քան երկու ամիս անց հարվածեց Հայիթիին, մինչև հինգ տարեկան ավելի քան 90,000 երեխա դեռևս օժանդակության կարիք ունի։
Արտակարգ իրավիճակները, որոնց այսօր բախվում են ամենախոցելի երեխաները, սպառնում են խաթարել վերջին տասնամյակների ընթացքում ձեռքբերված հսկայական առաջընթացը. 1990 թվականից ի վեր, կիսով չափ կրճատվել է մինչև հինգ տարեկանը լրանալը մանկամահացության ցուցանիշը, իսկ մի քանի հարյուր միլիոն երեխա այլևս չի ապրում աղքատության մեջ։ Կրթությունից դուրս մնացածների քանակը տարրական դպրոցի տարիքի երեխաների շրջանում ավելի քան 40 տոկոսով կրճատվել է 1990-ից 2014 թվականներին։