Ալոյանը մեղադրել է իր բժիշկներին
Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Միշա Ալոյանը հայտարարել է, որ օլիմպիական արծաթե մեդալից զրկվել է իր բժիշկների պատճառով։ Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը մարզիկին զրկել է մեդալից՝ մեղադրելով տուամինոհեպտան օգտագործելու մեջ։ Նրա խոսքերով՝ դա եղել է քթի համար նախատեսված կաթիլների մեջ, և բժիշկները մոռացել են ձևակերպել թերապևտիկ բացառությունը։
«Ամեն դեպքում՝ այդ որոշումը կբողոքարկվի։ Այժմ հնարավորությունների մասին խոսելը բարդ է,- Ալոյանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես արդեն, գիտե՞ք, այս իրավիճակում ոչնչի չեմ հավատում, իսկ գուցե ինչ-որ տեղ դեռ հուսալու հնարավորություն կա։
Թերապևտիկ բացառությունը չի օգտագործվել այն պատճառով, որ փաստաթղթերը չեն ձևակերպվել։ Դա բժիշկների սխալն է, և խնդրի էությունը հենց դրա մեջ է։ Ես նրան ասացի, որպեսզի դա անի։ Նա ինձ ասաց, որ դա կարելի է ընդունել, և ես այդ դեղամիջոցն ընդունեցի հավաքների ժամանակ։ Այդ փաստաթուղթը ես չպետք է ձևակերպեի, ոչ էլ մարզիչները։ Հավաքականի բժիշկ Կլյագինին խնդրեցի դա անել, նա չարեց, և ահա ծագել է այս մեծ խնդիրը»։