Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթում երկու հաղթող կա
Այսօր կայացել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել Տիգրան Վիրաբյանը, Մկրտիչ Անտոնյանը, Արտաշես Առաքելյանն ու Ասպրամ Բաղդասարյանը:
Panorama.am-ին մշակույթի նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ Էլմիրա Մուրադյանն ասաց, որ մրցույթին ներկա չի եղել Ասպրամ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ Արտաշես Առաքելյանը չի հաղթահարել թեստավորման փուլը:
«Մրցույթի հաղթող են ճանաչվել Տիգրան Վիրաբյանը, Մկրտիչ Անտոնյանը: Եռօրյա ժամկետում նախարարը պետք է երկու հաղթողից մեկին նշանակի թատրոնի տնօրեն: Դա նախարարի իրավասությունն է»,- ասաց Է.Մուրադյանը:
Հիշեցնենք, որ նախքան այս մրցույթը, ևս մեկ մրցույթ էր հայտարարվել, երբ լրացել էր թատրոնի տնօրենի կառավարման ժամկետը: Այդ ժամանակ հայտ էին ներկայացրել Մարգարիտա Մինասյանն ու Արաքսյա Կիրակոսյանը: Թատրոնի անձնակազմը դեմ էր, որ նրանցից որևէ մեկը ղեկավարի թատրոնը, քանի որ, ըստ նրանք, երկուսն էլ ընդհանրապես թատրոնի հետ կապ չունեն: Դերասանների բողոքից հետո թեկնածուներից մեկը հետ էր վերցրել դիմումը, իսկ մեկ թեկնածուի դեպքում մրցույթ չի նախատեսվում: Հայտարարվել էր նոր մրցույթ:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրու թատրոնը ժամանակավոր տնօրեն ունի
- Մի քանդեք թատրոնը, թողեք հանգիստ աշխատի մի թատրոն՝ հեռու աչքից, սրտից ու կոչումներից. Աճեմյանականներ