Հենրիխ Մխիթարյան. «Իմ կարիերան «ՄՅու»-ում դեռ նոր է սկսվել»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, խոստովանել է, որ իրեն դուր է գալիս խաղալ «կարմիր սատանաների» կազմում։ Նա նաև նշել է, որ երբեմն հետևում է «Շախտյորի» խաղերին։ Հիշեցնենք, որ նա 2010-2013 թթ. հանդես է եկել դոնեցկյան թիմում։
- Գո՞հ եք, թե ինչպես է դասավորվում Ձեր կարիերան «Յունայթեդում»։
- Ես դեռ նոր եմ սկսել։ Կարող եմ ասել, որ ինձ համար ամեն բան դեռ առջևում է։ Հնարավորը կանեմ, որպեսզի ավելի լավ լինի։ Միշտ հաճելի է աշխատել նման ճնշման տակ, որովհետև հենց այդ ժամանակ ես հասկանում, թե ինչպիսի մակարդակի խաղացող ես, որովհետև միշտ պետք է պատրաստ լինես ամեն բանի։
Շատ հաճելի է կրկին լինել Ուկրաինայում՝ Օդեսայում։ Հաճելի է տեսնել այսքան երկրպագուների, այդ թվում՝ հայերի։
- Հասցնո՞ւմ եք դիտել «Շախտյորի» խաղերը։ Ինչպիսի՞ն է «հանքափորների» խաղը։
- Այո, դիտել եմ վերջին խաղերը։ Կասեմ, որ թիմը մեծ առաջընթաց ու լավ մարզիչ ունի։ Այն ֆուտբոլիստներով, որոնք հիմա կան, «Շախտյորը» շատ ուժեղ ֆուտբոլ է ցուցադրում։
Ինչ վերաբերում է «Զարյային», ես շատ ուրախ եմ, որ այդ թիմը լավ խաղ է ցուցադրում։ Երբ առաջին հանդիպումն էինք անցկացնում Մանչեսթերում, շատ զարմացած էի։ Կարելի է ասել, որ նրանք շատ են ավելացրել՝ այն տարիների համեմատությամբ, երբ ես խաղում էի Ուկրաինայում։ Միայն լավը կարող եմ ասել այդ թիմի մասին։
Հիմա ամեն ինչ շատ ավելի լուրջ է։ Բոլորը գիտեն, որ անհրաժեշտ է լավ պատրաստվել խաղին։ «Մանչեսթեր Յունայթեդը» միշտ խաղում է հանուն հաղթանակի ու մրցանակների։ Նշանակություն չունի՝ դա Չեմպիոնների լիգայո՞ւմ է, թե Եվրոպայի լիգայում։ Մենք առայժմ կենտրոնացած ենք խաղի վրա։