Մխիթարյանը հավատում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ կարող է չեմպիոն դառնալ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ իր թիմը դեռ կարող է պայքարել չեմպիոնի կոչման համար անգլիական Պրեմիեր լիգայում։ 14-րդ տուրից հետո «ՄՅու»-ն զբաղեցնում է 6-րդ տեղը և առաջատարից՝ «Չելսիից» հետ է մնում 13 միավորով։
«Երբեք մի ասա երբեք, անհնարին ոչինչ չկա։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ «ՄՅու»-ն «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում էր 8 միավորով, սակայն, ի վերջո, զիջեց այդ արշավում։ Այնպես որ, ամեն բան հնարավոր է։
«ՄՅու»-ն պետք է սկսի հաղթել։ Պետք է դասեր քաղենք մեր սխալներից և շարժվենք առաջ։ Լավ արդյունքներ կունենանք։
Յուրաքանչյուր խաղ կարևոր նշանակություն ունի։ Դուք չեք կարող մեկ խաղով դատել թիմի մասին։ Կարելի է պարտվել հետնապահին, այնուհետև առավելության հասնել թոփ մրցակցի նկատմամբ ու, միևնույն է, չհայտնվել լավագույն քառյակում։
Գիտեմ, թե ինչ ճնշում է գործադրվում «ՄՅու»-ի վրա։ Բոլորը մեզանից հաղթանակ ու մրցանակներ են ակնկալում։ Եթե պատրաստ չլինեի դրան, այստեղ չէի գա»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը։