Նալբանդյան. Երբ խոսքը հակամարտության գոտու մարդկանց անվտանգության մասին է, ճղճիմ սակարկությունը տեղին չէ
«Մենք համոզված ենք, որ ապրիլյան ագրեսիան մինչ օրս Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության գագաթնակետն էր, սակայն ոչ դրա ավարտը»: Հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 23-րդ խորհրդում ունեցած իր ելույթում: Միջոցառմանը մասնակցում են կազմակերպության անդամ 57 պետությունների և 11 գործընկեր երկրների բարձրաստիճան պատվիրակություններ:
«Ադրբեջանը փութաջանորեն թաքցնում է ապրիլյան ագրեսիայի արդյունքում կրած իր ռազմական կորուստները` փորձելով արդարացնել իր արկածախնդրության բարձր գինը: Սակայն, անշուշտ, չի կարող թաքցնել այն փաստը, որ մարդկային կորուստների հետ մեկտեղ դրա զոհ է դարձել նաև խաղաղության գործընթացը»,-հայտարարել է Նալբանդյանը:
Նա նշել է, որ ապրիլյան ագրեսայի հետևանքները հաղաթահարելու և խաղաղության գործընթացն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով համանախագահ երկրները կազմակերպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ երկու գագաթաժողով` մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ-Պետերբուրգում:
«Նախևառաջ, հրամայական է իրականացնել այն, ինչը շեշտվել էր ու ինչի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել այդ գագաթաժողովների ընթացքում, այն է` հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը, հրադադարի 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի լիակատար իրականացումը, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնումը:
Հայաստանը համաձայնել է առաջ շարժվել այս հիմքի վրա: Ադրբեջանը չի հարգում այդ պայմանավորվածությունները: Սկզբից ևեթ Բաքուն հրաժարվեց կյանքի կոչել հետաքննության մեխանիզմի վերաբերյալ պայմանավորվածությունը: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի դիտորդական առաքելության կարողությունների ընդլայնմանը, ապա Բաքուն փորձում է ոչ միայն խաթարել այդ առաջարկի իրականացումը, այլ անգամ խոչընդոտել հակամարտության գոտում վերջինիս կողմից ներկայումս իրականացվող գործողությունները՝ խախտելով առաքելությանը ԵԱՀԿ կողմից տրված մանդատը։ Ադրբեջանը ձգտում է բարդացնել դիտորդների աշխատանքը՝ փորձելով նրանց պահել հակամարտության գոտուց որքան հնարավոր է հեռու և նվազեցնել նրանց արագ արձագանքելու կարողությունը: ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ամրապնդումը ենթադրում է ոչ թե վերջինիս թիմի զուտ թվական աճ, այլ նրանց տեղակայում շփման գծի երկայնքով, իրականացվող դիտորդական առաքելությունների հաճախականության և արդյունավետության բարձրացում: Երբ խոսքը գնում է հակամարտության գոտում բնակվող մարդկանց անվտանգության մասին, ճղճիմ սակարկությունը տեղին չէ:
1994 և 1995թթ. զինադարարի համաձայնագրերի վավերականությունը կասկածի տակ դնելու Բաքվի փորձերը ձախողվեցին, քանի որ համանախագահ երկրները հստակորեն և վճռականորեն վերահաստատեցին, որ այս համաձայնագրերի դրույթներն անժամկետ են և դրանք պետք է խստորեն հարգվեն: Այս հակամարտության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումը: Ուժ օգտագործելու շարունակական սպառնալիքները, և դրա կիրառումը ապրիլին, լուրջ վնաս հասցրեցին խաղաղության գործընթացին և մեծապես նպաստեցին ստատուս քվոյի պահպանմանը: Ուստի, ստատուս քվոյի հաղթահարումը նախ և առաջ պահանջում է հրաժարվել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից:
Երբ Ադրբեջանը համառորեն հրաժարվում է Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից, ապա խաթարում է ոչ միայն դրանց իրագործումը, այլև վնասում է խաղաղության ողջ գործընթացը, քանի որ նպաստում է Բաքվի հետ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն երբևէ կյանքի կոչվելու հույսի նույնիսկ նշույլների վերացմանը։ Վստահության բացակայության ներկա պայմաններում համանախագահ երկրներն առավել հաստատակամ կերպով պետք է հետամուտ լինեն Ադրբեջանի կողմից իր հանձնառությունների կատարմանը: Այս համաձայնությունների բարեխիղճ և առանց նախապայմանների իրագործումը կարող է դուռ բացել վստահության վերահաստատման համար, ինչն առանցքային նախապայման է հիմնահարցի հանգուցալուծման համար՝ հիմնված միջազգային իրավունքի երեք սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության վրա։ Դրանք հակամարտության կարգավորման տարրերի հետ միասին համանախագահ երկրների կողմից շարունակաբար ներկայացվել են որպես միասնական անբաժանելի մեկ ամբողջություն»,-ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարը:
Նալբանդյանի ելույթն ամբողջությամբ՝ ԱԳՆ պաշտոնական էջում:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ
- Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
- ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը
- ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
- Զախարովա. Մենք ամեն ինչ կանենք, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը լինի արդյունավետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան