Վերջին տարիներին փրկել ենք 1200-1400 աղջիկ երեխայի կյանք. «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիր
Մասնագետների գնահատականով՝ Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով 2011 թվականին տարեկան չէր ծնվում շուրջ 1400 աղջիկ: Ինչպես այսօր «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի երրորդ նիստում նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» (ՄԶՄԿ) ներկայացուցիչ Վահան Ասատրյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի 2011 թ. հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում առկա է հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթը, այսինքն՝ Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2011 թ.-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց:
Այս հետազոտությունից հետո խնդրի մասին բարձրաձացվեց ավելի բարձր մակարդակով, ինչի արդյունքում մշակվեցին տարբեր ծրագրեր, Հայաստանում սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները նվազեցնելու նպատակով ԵՄ ֆինանսավորմամբ ՀՀ կառավարության և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ անցկացվել են դասընթացներ հանրապետության մարզերում և Երևանում:
«Աննախադեպ կարճ ժամանակահատվածում որոշակի արդյունքների հասանք: Եթե 2010 թ-ին հղիության արհեստական ընդհատումների թվով Հայաստանը աշխարհում երրորդ երկիրն էր՝ Չինաստանից և Ադրբեջանից հետո, ապա այսօր 2016թ.-ին տղա-աղջիկ հարաբերակցությունը կազմել է 108:100: Մենք աշխարհում միակն երկիրն ենք, որ կարճ ժամանակահատվածում, սահմանափակ ռեսուրսներով կարողացանք այս խնդրին որոշակի լուծումներ տալ»,- ասաց Վահան Ասատրյանը՝ հավելելով, որ այդ արդյունքին հասել են արդյունավետ միջազգային համագործակցության, հասարակական կազմակերպությունների և պետական մարմիների համատեղ աշխատանքի արդյունքում:
Նրա խոսքերով՝ այսօր կարող են ասել, որ վերջին տարիներին փրկել են 1200-1400 աղջիկ երեխայի կյանք:
«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության մասնագետ Սուսաննա Մկրտչյան էլ նշեց, որ հետազոտությունները ցույց են տալիս՝ գյուղական համայնքներում ցուցանիշն անհամեմատ բարձր է, քան քաղաքային համայնքներում: Մասնավորապես Գեղարքունիքում ցուցանիշը կազմել է 124 տղա-100 աղջիկ: Ամենացածր ցուցանիշը, ըստ նրա, Սյունիքի մարզում է:
«Այսօր կարող ենք ասել, որ մարդկանց հոգեբանությունը փոխվել է, իսկ թե որքանով կպահպանենք այդ դրական դինամիկան, դա արդեն մեզանից է կախված: Պետք է ամեն ինչ անել, որ ձեռքբերվածը պահպանենք»,- ասաց նա:
Նշենք, որ «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի երեք բաղադրիչներն են՝ մարզերում համապատասխան կարողությունների ձեւավորում կանխարգելման միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, համայնքային հանդիպումների միջոցով բնակչության շրջանում քարոզչության իրականացում եւ համապատասխան քաղաքականության՝ օրենքների, իրավական ակտերի եւ այլ գործողությունների մշակում: Ծրագրի երեք բաղադրիչներն իրականացվում են զուգահեռաբար ողջ հանրապետության տարածքում:
Կազմակերպվող դասընթացների արդյունքում մասնակիցները, որոնք տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են (հոգեւորականներ, մանկաբարձ-գինեկոլոգներ, մանկաբույժներ, ՔԿԱԳ-ի աշխատակիցներ, սոցաշխատողներ, մանկավարժներ եւ այլն), ծանոթանում են ՀՀ-ում ծնելիության խնդիրներին, ձեռք բերում հաղորդակցման հմտություններ, քաղաքացիական ակտիվ խմբեր ձեւավորում եւ այլն: Օրինակ՝ Գորիսում ձեւավորված քաղաքացիական ակտիվ խմբի համակարգողներից Ժասմեն Խաչատրյանը նշեց, որ մինչ այս դասընթացներն իրենք չգիտեին, որ իրականում սա բավականին լուրջ, կարելի է ասել, ազգային հիմնահարց է: Նախատեսում են հանդիպումներ կազմակերպել տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ, իրազեկել նրանց խնդրի լրջության մասին, փորձել դրա հաղթահարման ուղիներ գտնել:
Հարակից հրապարակումներ`
- Նորածինների սեռային կազմի անհամամասնությունը որոշակիորեն նվազել է. ծրագիրն արձանագրում է դրական արդյունքներ
- Ոչ թե սելեկտիվ աբորտ, այլ.
- Աղջիկ ենք ունենում, շատ լավ պահում ենք, բայց տղա ունենալու մոլուցքը շատ մեծ է. Արմեն Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան